«Չկա բանավեճ, ամեն մեկն իր մոնոլոգն է ասում». Վարուժան Հոկտանյան

Քաղաքական ուժերից ոմանք քարոզարշավի ժամանակ կրկնում են նույնանման մտքեր, որ կարծես փոխառել են մեկը մյուսից: Օրինակ, կարող էին ինչ-որ վայրում հանգիստ վայելել կյանքը, բայց հանուն ՀՀ քաղաքացիների՝ դուրս են եկել պայքարի, կամ խաղաղություն են քարոզում, կամ փողոցներում շրջելով՝ մարդկանց են բարևում, և այլն: 168.am-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանից հետաքրքրվեց, թե այս կրկնօրինակումներն ինչպե՞ս կազդեն ընտրական գործընթացի, ընտրողների վրա:

«Առաջին հերթին՝ ես տեսնում եմ, որ չկա ինչ-որ բանավեճ, ավելի շատ ամեն մեկն իր մոնոլոգն է ասում, և դա արդեն առանձնապես հետաքրքիր չէ, իսկ դա հետևանք է նրա, որ իրականում չկա բանավեճ: Այսօրվա դրությամբ շատ կարևոր 2 հարց է բարձրացված, և դրանց շուրջ նույնպես բանավեճ չկա, պարզապես տարբեր դիրքորոշումներ են, առաջինը` տնտեսական ծրագիրն է, երկրորդը` Ղարաբաղյան կարգավորման տեսլականը»,- ասաց Վ. Հոկտանյանը:

Ըստ նրա` Հրանտ Բագրատյանն է ներկայացրել միջազգաին ստանդարտներին մոտ ծրագիր, որի շուրջ արժեր բանավիճել, որովհետև, ի տարբերություն մյուսների՝ այստեղ գոնե ծրագիր է ներկայացված, ոչ թե լոզունգներ: Վ. Հոկտանյանի խոսքով` Ղարաբաղյան կարգավորման տեսլական Հայ ազգային կոնգրեսն (ՀԱԿ) է ներկայացրել, որը նորություն չէ, այն կար դեռևս 90-ականների վերջերին, այսինքն` դա նրանք կրկնում են՝ օգտվելով այն հանգամանքից, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից 19 տարի անցել է, և Ղարաբաղյան կարգավորման հարցում որևէ առաջընթաց չի եղել, ներկայացնում են 1997-98 թվականի տեսլականը, որը ֆորմալ առումով եղավ Առաջին նախագահի հրաժարականի պատճառը: Վ.Հոկտանյանը նշեց, որ ներկա իրավիճակում որոշակի նյուանսներ կան` Պուտին-Լավրովյան պլան, մոնիտորինգային համակարգի տեղադրման հարց, և այլն, բայց էությունը նույնն է:

«Դրանք կարող էին բանավեճ առաջացնել, բայց դա չկա, կան մոնոլոգներ: Երբ փորձում եմ հասկանալ, թե ինչո՞ւ բանավեճ չկա, գալիս եմ մի այլ տխուր իրողության, որ գաղափարները չեն, որ որոշելու են այս ընտրությունների ելքը, այլ ինչ-որ չափով որոշելու է փողը: Այն, որ կուսակցությունները պետք է հարուստ լինեն, դժբախտաբար, դարձել է մեր կյանքի տխուր երևույթներից մեկը: Բայց դա չի նշանակում՝ եթե փող տվեցին, ապա հաստատ կհաղթեն, բայց մյուս կողմից՝ եթե փող չեն տալիս, ապա դա նվազեցնում է շանսերը, քանի որ փող վերցնողների որոշ մասը կքվեարկի տվողների օգտին: Իսկ փող չվերցնողների թիվը կատաստրոֆիկ կերպով քչանում է: Այսինքն` փող չբաժանող կուսակցությունների էլեկտորատը շատ քիչ է, որովհետև գաղափարների պայքար չկա: Այսինքն` լինելու է հիմնականում փողի և վարչական ռեսուրսի պայքար»,- ասաց ԹԻ ղեկավարը:

Նա նշեց, որ կա 3-րդ կարևոր հանգամանքը` խնամի-ծանոթ-բարեկամի ինստիտուտը՝ գան, խնդրեն՝ քվեարկել լավ աղջկա կամ լավ տղայի օգտին: Վ. Հոկտանյանի կարծիքով` սա գալիս է այն մտայնությունից, որ, միևնույն է, հաղթողն արդեն իսկ պարզ է, ինչը շատ տհաճ երևույթ է, նաև, եթե հանկարծ դրանք չհաղթեն, մյուսներն ի՞նչ են առաջարկում.

«Ընդհանուր առմամբ, կա հուսահատություն և անտարբերություն: Գաղափարների պայքարը մի քիչ կասկածելի է, որ կլինի: Գուցե հետո ինչ-որ դեպքեր կամ երևույթներ լինեն, որ ստիպեն ընտրողներին այլ նկատառումներից ելնելով՝ քվեարկել: Եվ եթե ընտրողները գիտակցեն, որ նախագահական ընտրություններ այլևս չեն լինելու՝ հնարավոր են անակնկալներ: Չեմ զարմանա, եթե պարզվի, որ մինչև օրս շատ ընտրողներ չեն էլ իմանում, որ նախագահական ընտրություններ այլևս չեն լինելու, և իներցիայով չեն կարևորում այս ընտրությունները:

Քանի որ մեզ մոտ մի քիչ անձնավորված է քաղաքականությունը, 1994-95 թվականներից սկսած՝ նախագահական ընտրություններն են ավելի կոշտ պայքարում անցել, քան խորհրդարանական ընտրությունները: Այսինքն` եթե մարդիկ գիտակցեն, որ երկուսի փոխարեն՝ մեկ համապետական ընտրություն է մնացել, եթե նորից Սահմանադրությունը չփոխվի, հնարավոր են անակնկալներ»:

Տեսանյութեր

Լրահոս