
Հոգլանդն անհրաժեշտ է համարում բանակցային սեղանի շուրջ վերադառնալը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը վստահ է` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում անհրաժեշտ է վերադառնալ բանակցային սեղան ամենաբարձր մակարդակով: Ըստ ԱՊԱ գործակալության՝ այս մասին համանախագահն ասել է Բաքվում լրագրողների հետ զրույցում:
Հոգլանդը նշել է, որ 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների առաջին տարելիցն անհրաժեշտ է դիմավորել ոչ թե ճակատում, այլ բանակցային սեղանի շուրջ: Դիվանագետն ընդգծել է, որ երեք համանախագահներն էլ վստահ են` հակամարտությունը ռազմական կարգավորում չի կարող ունենալ:
«Չնայած որ 25 տարվա ընթացքում բանակցությունները որևէ արդյունք չեն տվել, դիվանագիտական գործունեության նպատակն է ստեղծել պայմաններ կարգավորման համար: Երեք երկրի համանախագահներն ու կառավարությունները շարունակում են ջանքեր գործադրել, քանի դեռ հակամարտող կողմերը քաղաքական կամք չեն դրսևորել»,- նշել է նա: