«Ռուսաստանը Հայաստանի համար անվտանգության «մատակարար» է և երբեք թույլ չի տա, որ Հայաստանին վնասեն կամ նրա վրա հարձակվեն»

Ռուսաստանը Հայաստանի համար անվտանգության «մատակարար» է և երբեք թույլ չի տա, որ Հայաստանին վնասեն կամ նրա վրա հարձակվեն: Երևանում միջազգային երկխոսության «Վալդայ» ակումբի արտագնա նիստի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ազգային ակադեմիայի  Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավար Վիտալի Նաումկինը՝ անդրադառնալով Ռուսաստա նի կողմից Ադրբեջանին սպառազինություն վաճառելուն։ «Ոչ ոք այսօր չի կարող հերքել, որ Ռուսաստանը Հայաստանի համար անվտանգության մատակարար է, Ռուսաստանը երբեք թույլ չի տա, որ Հայաստանին վնասեն կամ հարձակվեն Հայաստանի վրա: Ով էլ հարձակվի Հայաստանի վրա, Ռուսաստանը մասնակցելու է Հայաստանի պաշտպանությանը, դա բացարձակ ակնհայտ է»,- նշեց Նաումկինը:

Դիտարկմանը, թե ՀՀ-ն Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, սակայն Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, որն էլ այդ զենքով կրակում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վրա, Նաումկինը պատասխանեց.

«Սա շատ սուր հարց է, որը չեն ընդունում մեր հայ գործընկերները։ Եկեք ուղղակի ասենք, որ մենք ապրում ենք հետխորհրդային տարածքում, որտեղ Ռուսաստանի ռազմավարական գիծը կայանում է նրանում, որ ունենա բարեկամական հարաբերություններ տարածքում եղած բոլոր պետությունների հետ։ Հարցն այն չէ, որ Ռուսաստանը կատարում է որոշ գործողություններ, որոնք կարող են վնասել Հայաստանին, ես կարծում եմ, որ դա լիովին բացառված է: Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կա ռազմատեխնիկական համագործակցություն. այն ոչ ոք չի հերքում, սակայն, կարծում եմ, այն զսպող գործոն է»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս