Շարմազանովն արձագանքել է Սեյրան Օհանյանի հայտարարություններին

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան­-Րաֆֆի-­Օսկանյան» դաշինքի անդամ Սեյրան Օհանյանի՝ քարոզարշավի շրջանակներում Հրազդանի բնակիչների հետ հանդիպմանը հնչեցրած հայտարարություններին: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը Շարմազանովը նախ անդրադարձավ պաշտպանության նախկին նախարարի հայտարարությանը, թե Հայաստանում քաղբանտարկյալներ կան: «Մինչև պաշտոնանկությունը ես նրա կողմից չեմ լսել ակնարկ, որ Հայաստանում կան քաղաքական դրդապատճառներով դատապարտվածներ: Դատավորը ժողովուրդն է, թող ինքն էլ դատի, իսկ իր պաշտոնանկությունից հետո դատապարտվածներ չկան»,­- նշեց Շարմազանովը:

Նա մեկնաբանեց նաև Սեյրան Օհանյանի հայտարարությունը, թե Հայաստանում Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի իրականացրած փոփոխությունների նման կտրուկ փոփոխություններ են պետք: «Ես չգիտեմ, թե ինչ նկատի ունի նա՝ ասելով Սահակաշվիլիի նման կտրուկ փոփոխություններ: Եթե այդ փոփոխություններն Աբխազիան ու Հարավային Օսեթիան կորցնելն էր, ապա ես նման փոփոխություն չեմ ուզում: Եթե կոռուպցիայի դեմ պայքարն է, պետական մարմինների արդյունավետության բարձրացումն է, ապա մենք էլ տեսնում ենք խնդիրներ ու պատրաստ ենք լուծում տալ այդ խնդիրներին: Մենք երբեք չենք խուսափել պատասխանատվությունից: Մենք ասում ենք, որ, այո, եղել են թերություններ, սակայն դրա հետ մեկտեղ եղել են նաև ձեռքբերումներ»,­- նշեց ՀՀԿ խոսնակը՝ հավելելով, որ որպես Ազգային ժողովի փոխնախագահ երբեք չի լսել և ականատես չի եղել որևէ ակնարկի, որտեղ պաշտպանության նախկին նախարարը քննադատել կամ բողոքել է ՀՀ­ում տիրող քաղաքական, տնտեսական վիճակից:

Տեսանյութեր

Լրահոս