Բաժիններ՝

Հայկական 17 ՏՏ ձեռնարկություն նոր կապեր հաստատեց Լոնդոնում

Մարտի 9-10-ը հայկական 17 ընկերություն Լոնդոնում մասնակցեց հայ-բրիտանական դեմ առ դեմ (B2B) հանդիպումներին` «British-Armenian B2B Networking Event» միջոցառման շրջանակում: Հանդիպումներին մասնակցեց բրիտանական ավելի քան 70 ՏՏ ձեռնարկություն:  

«Մասնակցող 17 ձեռնարկությունները մեր երկրում գործող լավագույն ՏՏ ընկերություններից են, և մենք հույս ունենք, որ նրանք Լոնդոնում կհաստատեն կայուն և արդյունավետ բիզնես կապեր: Ձեռնարկությունների եվրոպական ցանցը և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը կհետևեն և կաջակցեն, որպեսզի այդ կապերն ավելի ամուր և շարունակական լինեն»,- մարտի 3-ին` միջոցառմանը նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում, Երևանում ասել էր Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը:  

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը նշել էր, որ նախաձեռնության գլխավոր նպատակն է խթանել հայ-բրիտանական տնտեսական կապերը: «Հայաստանը հսկայական ներուժ ունի առաջնահերթ ուղղություն հռչակված ՏՏ ոլորտի զարգացման համար, և այդ ոլորտն օտարերկրյա ներդրողների համար մագնիսի է վերածվել, ինչը կարևոր խթան է աշխատուժի զարգացման համար, ինչպես նաև կարևոր խթան և արագացուցիչ է Հայաստանի տնտեսական հաջողությունների համար»,- ասել էր դեսպանը: 

Նախաձեռնությունն իրականացվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ֆինանսավորմամբ` «BSC» Բիզնեսի աջակցման կենտրոնի հետ համատեղ: Աջակից կառույցներն են «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամը, Ձեռնարկությունների եվրոպական ցանցը, Newable, East Invest բրիտանական ընկերությունները, Լոնդոնի առևտրաարդյունաբերական պալատը, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանատունը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը:

smednc.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս