«Առանց կոմունիստների՝ այսօր ԱԺ-ն երկու ոտքից կաղում է». Տաճատ Սարգսյան
Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Արմավիրի մարզ այցելած Հայաստանի Կոմունիստական կուսակցությունն այսօրվա քարոզարշավը մեկնարկեց թեև սակավամարդ, բայց որակյալ ընտրազանգվածի հետ: Այդպես է կարծում ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը, ով նախընտրում է թվով քիչ, բայց որակյալ ընտրազանգվածը:
«Հայրենիք, աշխատանք, սոցիալիզմ» կարգախոսով իրազեկման ակցիան, որ անցկացվեց Արմավիր քաղաքում, կուսակցության քարոզարշավին հրավիրելով տեղի բնակչությանը՝ հավատացնում էր՝ հաղթում են կոմունիստները, հաղթում է ժողովուրդը:
Քաղաքի մշակութային պալատում ելույթ ունեցած Կոմկուսի ներկայացուցիչներից, թերևս, առավել ծավալուն խոսքով հանդես եկավ ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը, ով հանգամանալից ներկայացրեց կուսակցության ծրագրային դրույթները՝ առանձին ռազմավարական նշանակության օբյեկտներ դարձնել պետական սեփականությունը, գյուղերում ստեղծել կոոպերատիվներ, և այլն:
«Մենք այն կարծիքին ենք, որ Սահմանադրությամբ ամրագրված ընդերքի հումքը ժողովրդի սեփականությունն է: Փոխանակ մեքենաներ բարձելով՝ դրանք տեղափոխեն Հայաստանից, անհրաժեշտ է մտածել ներդրումներ կատարելու հանրապետության ներսում և լուծելու աշխատատեղերի խնդիրը, որպեսզի դրանց շահույթը չգնա առանձին օլիգարխների ձեռքը, այլ դառնա ժողովրդի ունեցվածքը: Մենք այն կարծիքին ենք, որ վաղուց ժամանակն է, որպեսզի բանկերի նկատմամբ պետությունը վերահսկողություն սահմանի: Բանկերի հնարավորությունը պետք է սպասարկի գյուղատնտեսության և արդյունաբերության զարգացման համար:
Մենք այն կարծիքին ենք, որ պետական սեկտորը պետք է ավելի շատ դերակատարություն ունենա տնտեսության զարգացման գործում: Ժամանակն է, որպեսզի պետական սեփականությունն աստիճանաբար առանձին ռազմավարական նշանակության օբյեկտներ դառնան: Ժամանակն է՝ մասնատված գյուղի հողատարածքները խոշորացնել: Այսօր մշակելի հողատարածքների 60 տոկոսից ավելին չի մշակվում: Գյուղերում հարկավոր է կոոպերատիվ տնտեսություններ հիմնել: Գիտության բնագավառը խայտառակ վիճակում է: Ի՞նչ է նշանակում՝ համախառն ներքին արդյունքից գիտության համար տրամադրել 0.1 տոկոս, այն դեպքում, երբ առաջավոր երկրներում այդ թիվը կազմում է 2-3 տոկոս:
Մենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակում գտնվող հանրապետություն ենք, և թաքցնելու ոչինչ չկա՝ մեզ պետք է զարկ տալ ռազմական արդյունաբերությանը, իսկ այդ արդյունաբերության զարգացման համար առաջին խթանը գիտության զարգացումն է»,- ասում է կուսակցության ղեկավար Տաճատ Սարգսյանը:
Արմավիրի մարզում սակավաթիվ ընտրողների հետ հանդիպման ընթացքում ելույթ ունեցավ նաև կուսակցության մարզային ղեկավար պարոն Փիլոյանը, ով իր խոսքում նշեց. «Չեմ նախանձում այն կուսակցություններին, որոնց հետևից բազմաքանակ մարդիկ են գնում: Մեր մեկը նրանց հարյուրն է, որովհետև մենք գաղափարի համար ենք գալիս, իսկ այլ եկողները, շատ լավ գիտեք՝ ինչից ելնելով են շահագրգիռ»:
Անդրադառնալով կուսակցության ֆինանսական խնդիրներին՝ Տաճատ Սարգսյանը նշեց. «Չեմ թաքցնում՝ կուսակցության ֆինանսական վիճակը վատ է: Երբ մեր երկիրն անկախացավ՝ ի դեմս ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և վարչապետ Վազգեն Մանուկյանի, մեր ձեռքից ապօրինի կերպով խլեցին մեր շարժական և անշարժ ունեցվածքը՝ թողնելով մեզ փողոցում, բայց մենք եղել ենք հարուստ կուսակցություն, 190 000 կոմունիստ ենք եղել և նրանց վճարած անդամավճարների հաշվին ձեռք բերել մեր գույքը, որն այսօր, կարելի է ասել, չկա: Ուզում եմ բոլորին ասել, որ առանց կոմունիստների՝ այսօր ԱԺ-ն երկու ոտքից կաղում է: Մենք գալիս ենք լրացնելու այդ բացը»:
Արմավիրի մարզում սակավաթիվ ընտրողների հետ Կոմունիստական կուսակցության հանդիպումն ավարտվեց քայլերթով դեպի տեղի կենտրոնական զբոսայգի, որտեղ կուսակցության ղեկավարը ծաղկեպսակ դրեց 1941-45 թվականին զոհված մարտիկների հիշատակն անմահացնող հուշարձանին:
Հանդիպման մանրամասները՝ տեսանյութում: