«Բա նախարար եք եղել, մի բան անեիք». Չարենցավանցին՝ Սեյրան Օհանյանին
Այսօր Չարենցավանում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հանրահավաքից հետո, երբ դաշինքի ցուցակը գլխավորող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն իջավ հարթակից, նրան մոտեցավ մի տարեց մարդ` Գագիկ Պողոսյանը, և ասաց, որ 2004թ. իր որդին` Գոռը, զոհվել է հայ-ադրբեջանական սահմանի վրա, ու թեև իրենց ընտանիքին օրենքով նախատեսված տարբեր արտոնություններ են հասնում, սակայն չեն կարողանում օգտվել ոչ մի բանից, միայն ամսական 30 000 դրամ են ստանում:
Ս.Օհանյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ այն ժամանակ զոհվածի հայրը չի դիմել իրեն:
Քաղաքացին պատասխանեց, որ դիմել է նախարարություն, սակայն ոչ մի արդյունք չի եղել:
«Բա նախարար եք եղել, մի բան անեիք»,- սրտնեղված ասաց զոհված զինվորի հայրրը։
Ս.Օհանյանն արդարացավ, թե ինքն արել է ու նորից հարցրեց, թե ինչո՞ւ անձամբ իրեն չեն դիմել։
«Ախր ես ո՞նց միանգամից մտնեի նախարարի մոտ»,- զարմացավ Գ.Պողոսյանը։
«Հայաստանում չի եղել որևէ մարդ, որ ինձ դիմի ու ես չաձագանքեմ»,- հավաստիացրեց նախկին նախարարը` հավելելով, թե խոնարհվում է զոհված զինվորի հոր առջև:
Օհանյանը Պողոսյանից խնդրեց փոխանցել իր տվյալները և խոստացավ զբաղվել խնդրով: