«Ունենք պատգամավորներ, որոնք հիշում, լսում և տեսնում են ժողովրդին միայն ընտրություններից մի ամիս առաջ». Արթուր Բաղդասարյան
«Հայկական վերածնունդ» (նախկին «Օրինաց Երկիր») կուսակցության նախագահ, կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանն այսօր հանդիպեց Երևանի Արաբկիր վարչական շրջանի բնակիչների հետ: Հանդիպման ժամանակ նա ասաց, որ ՀՎԿ-ն ներկայացրել է ո՛չ միայն սոսկ իրատեսական, այլ նաև՝ բավականին մրցունակ նախընտրական ծրագիր. «30 քայլ, որոնք կբերեն վերածնունդ, անվտանգություն Հայաստանին ու հայ ժողովրդին»:
Ա. Բաղդասարյանը նշեց, որ հատկապես Երևան քաղաքի բնակիչները պետք է գիտակցեն՝ մի քանի հազար դրամի այլընտրանքը և երկիրն այս խորը ճգնաժամից դուրս բերելու այլընտրանքը համեմատելի հարթություններ չեն: Ի թիվս այլ խնդիրների՝ նա անդրադարձավ նաև կրթության խնդրին. «Մենք պետք է լուրջ քայլեր ձեռնարկենք կրթության ոլորտում նոր խոսք ասելու, նոր փոփոխություններ բերելու հարցում: Մայրենին մեր սրբությունն է, բայց այսօր երեխան չի կարող գնալ դպրոց՝ առանց մի քանի օտար լեզու առաջին դասարանից չսովորելու: Եթե մենք ուզում ենք ունենալ մրցունակ սերունդ, մենք պետք է զարկ տանք նոր տեխնոլոգիաների զարգացմանը՝ հենց դպրոցից: Այսօր Հայաստանում կան բուհեր, որոնք թողարկում են կադրեր, որոնց կարիքը պետությունը չունի: Մենք պետք է մոտիվացնենք կրթությունը»:
Ա. Բաղդասարյանը նկատեց. «Մեր երկրի ներսում մենք կաղում ենք, տարածաշրջանում կաղում ենք, աշխարհում կաղում ենք: Մեզ պետք է ամուր կանգնել մեր ոտքերի վրա, որի համար երկրի քաղաքական դաշտ պետք է մուտք գործեն մեր թեկնածուները, որոնք գրագետ և պատրաստված մարդիկ են: Գրագետ և անգրագետ մարդու միջև տարբերություն պետք է դնենք: Մարդ կա, 25 տարի է՝ պատգամավոր է, 5 նախադասություն չի ասել ԱԺ-ում, պատգամավորներ ունենք, որոնք ամիսներով նիստերին չեն գալիս, պատգամավորներ ունենք, որոնք ո՛չ լսում են, ո՛չ տեսնում են: Նրանք հիշում, լսում և տեսնում են ժողովրդին միայն ընտրություններից մի ամիս առաջ»: