«Վիգեն Սարգսյանի հայտարարությունը սառը ցնցուղի դեր է խաղացել Ադրբեջանի համար». Արման Նավասարդյան

«Ես միշտ քննադատում եմ ՀՀ դիվանագիտությունը, բայց ինչ որ վերջին շրջանում կատարվում է մեր արտաքին քաղաքականության ճակատում, ես պետք է ողջունեմ: Նախ՝ Սերժ Սարգսյանի այցելությունը, սկզբից՝ Բրյուսել, հետո՝ Փարիզ, ճիշտ քաղաքականություն է երկու բլոկների մեջ, և այն է, ինչ մենք պետք է անենք՝ որպես փոքր պետություն, սա այն «և-և»-ի քաղաքականությունն է, որ Հայաստանը կարծես թե որդեգրել է, բայց սրանք կոնկրետ կատարվող քայլեր են»,- այսօրվա ասուլիսին նման տեսակետ հայտնեց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Նա նշեց, որ տնտեսական առումով այդքան էլ ոգևորված չէ այդ այցելություններից.

«Եթե մեզ մոտ չկարգավորվեն այն խնդիրները, որոնք պարզապես խանգարում են տնտեսական դիվանագիտության զարգացմանը, ինտեգրացիային, ապա այս բոլորը կմնան պարզապես լավ խոսքեր և բարի ցանկություններ»:

Ինչ վերաբերում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությանը՝ կապված Արցախի հարցի հետ, դեսպանի խոսքով՝ ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ խնդիրը կարծես թե ընթանում է միայն ու միայն ՄԽ շրջանակներում, ու Ֆրանսիան ունի ակտիվ դիրքորոշում.

«Թե որքանով կիրականանան նրա հայտարարությունները, դժվարանում եմ ասել, բայց գոնե համանախագահների մակարդակով այս հարցում հակամարտություն չկա: Սա շատ կարևոր է, քանի որ ամեն ինչ արվում է, որպեսզի պատերազմի բոցը չտարածվի»:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահն անդրադառնալով ԱՀ խնդրի կարգավորմանը՝ մասնավորապես ասել էր. «Մենք ցանկանում ենք գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման քաղաքական լուծում»:

Արման Նավասարդյանը նաև նշեց, որ ողջունում է Վիգեն Սարգսյանի հայտարարությունը.

«Վիգեն Սարգսյանի հայտարարությունը սառը ցնցուղի դեր է խաղացել Ադրբեջանի համար: Վաղուց պետք է մենք նման դիրքորոշում ունենայինք՝ և՛ դիվանագիտական, և՛ ռազմական առումներով հասկացնելու, որ Հայաստանը չի գնա այն պահանջների կատարմանը, որն ուզում է ադրբեջանական կողմը: Ոչ մի թիզ հող չի կարելի հանձնել Ադրբեջանին՝ առանց պարզ պատկերացնելու, որ դա նշանակում է՝ ոչ միայն Ղարաբաղի կորուստ, այլև մեծ վտանգ Հայաստանի համար»:

Տեսանյութեր

Լրահոս