«Մենք ուզում ենք ժողովրդի դառնությունների, դաժանությունների բաժակը միասին ըմպենք». Սեյրան Օհանյան
Այսօր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքը քարոզարշավ է իրականացնում Կոտայքի մարզում: Հրազդան քաղաքում դաշինքի անդամները նախ՝ ծաղիկներ դրեցին Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի հերոսների հուշարձանի մոտ:
Հրազդանի հրապարակը բազմամարդ չէր: ՕՐՕ-ին դիմավորեցին աղուհացով: Հավաքված քաղաքացիներից մեկը դաշինքի առաջնորդներին ողջունեց «Բարով եկաք, ղեկավարներ ջան» խոսքերով: Նախկին ազատամարտիկները ողջունեցին հատկապես պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին:
Դաշինքի անդամ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ Հրազդանը պետք է կրկին դառնա գիտաարտադրական կենտրոն:
«Աստծո կողմից տրված ընտրելու իրավունքը չպետք է թույլ տանք, որ որևէ մեկը սեփականաշնորհի»,- հայտարարեց նա` կոչ անելով կտրականապես «ոչ» ասել փողով ձայն գնողներին:
Նա նկատեց, որ աշխարհում քիչ կան, որ մեկ պաշտպանության և երկու նախկին արտգործնախարարներ միավորվեն: Ա.Մարտիրոսյանը նշեց, որ իրենք առաջին հերթին՝ ազատելու են քաղբանտարկյալներին:
Դաշինքի անդամ, «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը նշեց, որ իրենք խոսում են խնդիրների մասին և առաջարկում են լուծումներ: Ըստ նրա` փոփոխությունները պետք է լինեն այսօրվա համար.
«Ժողովուրդը պետք է զգա, որ նոր իշխանության դեպքում հեռակա խնդիրներին էլ է լուծում տրվելու»:
Նա հավատացրեց, որ ընտրություններով հնարավոր է իշխանություն փոխել:
«Ապրիլի 2-ին քվեարկութան միջոցով հնարավոր է իշխանափոխություն անել»,- ասաց Օսկանյանը:
ՕՐՕ ցուցակը գլխավորող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ գնալու են չափազանց կարևոր միջոցառման` ընտրությունների, որոնք ձևավորելու են ՀՀ իշխանությունն ամբողջությամբ:
Ըստ Սեյրան Օհանյանի` անցած 25 տարիների ընթացքում իշխանությունը շատ քիչ է եղել ժողովրդի ձեռքին:
«Մենք ձեզ հետ ենք, որովհետև ուզում ենք ժողովրդի դառնությունների, դաժանությունների բաժակը միասին ըմպենք»,- ասաց Օհանյանը:
Նա խոսեց Վրաստանի բարեփոխումների մասին և հայտարարեց, որ Հայաստանին կտրուկ փոփոխություններ են անհրաժեշտ:
«Ես այսօր պատրաստ եմ առաջնորդելու կտրուկ և կոշտ բարեփոխումները Հայաստանում»,- ասաց Օհանյանը: