«Ում հարցնես, կասեն՝ անցնելու ա Հանրապետականն ու «Բարգավաճը»». Հրազդանցիներն աշխատատեղ են ուզում, բայց ոչ մեկին չեն հավատում
Այսօր Հրազդանում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքի հանրահավաքի ժամանակ «168 Ժամի» հետ զրույցում հանրահավաքին մասնակցող քաղաքացիներից շատերը վստահություն հայտնեցին, որ ընտրությունների միջոցով հնարավոր չէ հասնել իշխանափոխության: Մարդկանց առաջին պահանջը բոլոր քաղաքական ուժերից աշխատատեղերն են:
Հրազդանցի թոշակառու Ռազմիկ Ափյանը դժգոհեց աշխատատեղերի բացակայությունից.
««Հրազդանցեմենտը», արդեն 5 ամիս է, չի աշխատում: Մի ժամանակ ռուսներն էին գալիս էստեղ աշխատելու, հիմա մարդիկ բոլորը գնում են Ռուսաստան»:
Նշելով, որ հաստատապես իշխող քաղաքական ուժին՝ ՀՀԿ-ին չի ընտրելու, Ռ.Ափյանն ասաց, որ կընտրի ընդդիմադիրներից որևէ մեկին:
«ՀՀԿ-ն խոստումներ ա տալիս, բայց ո՞նց հավատամ էդ խոստումներին,- ասաց Ափյանն ու ծոցագրպանից հանելով ՕՐՕ-ի բուկլետը՝ շարունակեց,- Լավ բան է գրած, բայց կկատարվի՞, թե՞ չէ: Չենք հավատում էս գրածներին, խաբում են»:
Հրազդանցի Ժորա Հովհաննիսյանը կատակեց, թե կլսեն ՕՐՕ ղեկավարներին ու կգնան երեկոյան հնդկական սերիալներ կնայեն.
«Պարապ ենք, ի՞նչ անենք»:
«Պետք է լավ լինի, մեղք են էս ժողովուրդը»,- ասաց Ժ.Հովհաննիսյանը` նշելով, որ անպայման գնալու է ընտրության ու արդեն կողմնորոշվել է որ ուժին է ձայն տալու, բայց դա գաղտնիք է: ՀՀԿ-ի կառավարումից Հովհաննիսյանը դժգոհեց.
«Անգործ ենք, գործ չունենք, որ մեր հոգսերը, ծախսերը մեր աշխատանքով հոգանք: Աշխատատեղեր են պետք, որ մարդիկ աշխատեն, ընտանիք պահեն: Դուրս ես գալիս, տղամարդ ես, բա ձեռքդ մի երկու կոպեկ չլինի՞, որ նվերով գնաս հարազատիդ տուն: Հիմա բոլորը խոստանում են, բայց վերջը կերևա»:
Հրապարակում կանայք խիստ սակավաթիվ էին: Միջին տարիքի տիկին Հերմինեն մեզ հետ զրույցում նշեց, որ բոլոր ուժերին լսում են, տեսնեն` ում ընտրեն: Թե ինչո՞ւ են կանայք քիչ, տիկին Հերմինեն ասաց, որ հետաքրքիր չեն նման հանդիպումները, իսկ ամենակարևորը` հավատ չկա, բոլորը խոստումներ են տալիս ու չեն իրականացնում.
«Լսում ես, բայց զգում ես` փուչ խոսքեր են: Ասում են, անցնում ա մի ժամանակ, թեկուզ, թեկուզ հենց իրանք անցնեն (գլխով ցույց տվեց ՕՐՕ-ի կողմը,- Գ.Խ.), ոչ մի բան չի կատարվում: Հրազդանում 7-8 գործարան կա, ոչ մեկը չի աշխատում, գնում-հասնում ենք Երևան, որ աշխատենք: Էսօր 2 մասնագիտություն ունեմ, բայց ոչ մի աշխատանք չկա: Ասում են՝ աշխատատեղեր կլինեն, գործարաններ կբացվեն, բայց ոչ մի բան չկա: Հես ա ընտրությունները վերաշջանան, կխախանդվի, նույն պատմությունն ա»:
Հավաքված կանայք վստահ հայտարարեցին, որ ընտրությունները կեղծվելու են: «Ում հարցնես, կասեն՝ անցնելու ա Հանրապետականն ու «Բարգավաճ Հայաստանը»: Մարդկանց վախացնում են, ասում են` կամ կընտրես ՀՀԿ-ին, կամ գործից կազատվես: Բոլոր պետական կառույցներում նույն է: Քույրս հիանդանոցում է, ինքը ՀՀԿ չի ուզում լինի, բայց ասում են, որ ՀՀԿ-ից դուրս գաս՝ կհեռացնեն գործից: Ոչ մի բան էլ չի փոխվում, դրա համար էլ հույսդ կտրում ես»: