Սերժ Սարգսյանի այցի առթիվ Փարիզի փողոցներից մեկը կվերանվանվի Զաբել Եսայանի անունով
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի առթիվ Փարիզի փողոցներից մեկը կվերանվանվի հայտնի հայ գրող, ֆեմինիստ Զաբել Եսայանի անունով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին Փարիզի քաղաքապետարանում, հյուրընկալելով ՀՀ Նախագահին, հայտարարեց Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:
«Զաբել Եսայանը եղել է հայ ժողովրդի բոլոր տառապանքների կիզակետում: Փարիզում մենք պահպանում ենք հայ ժողովրդի կրած բոլոր երկյուղների, ինչպես նաև ըմբոստությունների, պայքարների հիշողությունը, բայց միևնույն ժամանակ բացում ենք հնարավորի ճանապարհները, որոնք, ինչպես դա արվում է Երևանում, արտահայտում են հույսը, հայտնագործություններն ու նախաձեռնությունները»,- նշեց Փարիզի քաղաքապետը:
Անն Իդալգոյի խոսքով` Փարիզը և Երևանը, Ֆրանսիան և Հայաստանը չափազանց շատ բան ունեն իրար տալու և ստանալու փոխադարձաբար, ինչն էլ բնորոշում է մեծ բարեկամությունը: Իդալգոն շեշտեց նաև, որ Փարիզը համերաշխ է Արևելքի քրիստոնյաների հետ, նրանց տառապանքների ուղեկիցն է՝ մասնավորապես, Սիրիայից և Իրաքից փախստականների: «Այդ համերաշխությունը շատ կոնկրետ է: Փարիզում ևս ընդունելով փախստականներին` մենք ստեղծում ենք կամուրջներ, որոնք հաճախ փոքր են, փխրուն, բայց միևնույն ժամանակ միանցնում են մեզ : Ժամանակին Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերը նույնպես անցել են այդ փոքրիկ կամուրջներով: Փարիզը նրանց շնորհակալ է այն մեծ մշակութային, մտավոր, հոգևոր մեծ հարստության համար, որ հայերը բերեցին Ֆրանսիա, ինչպես և հայերը երախտապարտ են Ֆրանսիային՝ իրենց ապագան վերակերտելու հնարավորության համար»,- ընդգծեց Փարիզի քաղաքապետը: