Շատ հարցեր ունեմ Լուկաշենկոյին. Վլադիմիր Սոլովյովն անդրադարձել է Լապշինի արտահանձնմանը

Բլոգեր Ալեքսանդր Լապշինի Ադրբեջանին արտահանձնման ողջ պատմությունն ուղղակի զզվելի է։ «Արմենպրես»-ի­ հաղորդմամբ` մարտի 6­-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ռուս հաղորդավար ու հասարակական գործիչ Վլադիմիր Սոլովյովը:

«Ես չեմ կարող պատկերացնել, թե ինչպես կարելի էր տղային արտահանձնել։ Դա ապշեցուցիչ է։ Մեծ հաշվով, մեզ բոլորիս է պետք արտահանձնել։ Եթե նրան մեղադրում են միայն նրա մեջ, որ նա Ղարաբաղ է այցելել ու եթե դա Բելառուսի համար բավական է, չնայած ռուսական ԱԳՆ-­ի ու Իսրայելի բողոքներին, ուրեմն դա պարզապես ապտակ է»,­- նշեց Սոլովյովը:

Հասարակական գործիչը զզվելի որակեց այդ ամբողջ պատմությունը:

«Չէր կարելի այդպես անել։ Պետք է գոնե ինչ­որ հարգանք լինի միջազգային իրավունքի նկատմամբ։ Ես հասկանում եմ, որ ինչպես միշտ ընթանում է խորամանկ բելառուսական սակարկություն՝ ինչ ­որ հերթական տնտեսական պայմանների համար, բայց ես չեմ կարծում, թե այդ պայմանները պետք է ինչ­որ կերպ ազդեն մարդու ճակատագրի վրա։ Ես շատ հարցեր ունեմ պարոն Լուկաշենկոյին ու ամբողջ բելառուսական իշխանությանը։ Դրանից ելնելով, հիմա ի՞նչ՝ մեզնից ոչ մեկը Բելառուս չմեկնի՞, կարող են բռնե՞լ։ Այդպե՞ս է ստացվում։ Ես բազմիցս եղել եմ Ղարաբաղում։ Եվ ես Ադրբեջանի կողմից չեմ այնտեղ մտել։ Եվ ի՞նչ»,- ընդգծեց Սոլովյովը:

Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7­-ին մերժել էր Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան:

Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:

Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:

Տեսանյութեր

Լրահոս