«Լավ, ընկերներ, չի կարելի, եկեք հարգենք մեր հերոս նահատակներին»

«Այսօր հատկապես 3-րդ, 4-րդ պաշտպանական շրջանների, այսինքն՝ Աղդամի ուղղությամբ որոշակի կրակոցներ եղել են: Փառք Աստծո, որևէ զոհ և վիրավոր չունենք»,-  այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ իրավիճակը բավականին խաղաղ է. «Հուսով ենք՝ հատկապես վերջին շրջանում հայկական սահմանապահ ուժերի կողմից իրականացվող կանխարգելիչ գործողությունները բավականին մեծ նշանակություն ունեն հետագա խաղաղությունը պահպանելու համար»:

Գ. Իսագուլյանը նկատեց, որ Հայաստանը մտել է ընտրական փուլ, և այս ընտրական փուլում արդեն օգտագործում են ցանկացած կարգի երևույթ՝ կապված ԼՂՀ խնդրի կամ Արցախի Հանրապետության հետ. «Արդեն ես լսում եմ տարբեր թեկնածուներից, որ ասում են՝ «երբ կմտնեք քվեախցիկ, հիշեք, որ ձեզ նայում են Աբաջյանը և Սահակյանը»: Լավ, ընկերներ, չի կարելի, եկեք հարգենք մեր հերոս նահատակներին և նրանց չխառնենք մեր այս ընտրություններին, անհարկի չօգտագործենք ԼՂՀ-ի հետ կապված խնդիրը: Մարդիկ կարող են իրենց ծրագրերում ունենալ ԼՂՀ հիմնախնդրի հետ կապված իրենց կոնցեպցիան, բայց անհարկի շահարկումները, որոնք որևէ լավ բանի չեն կարող հանգեցնել, դրանցով գնալ քարոզարշավի, կարծում եմ՝ սա անընկալելի ու անընդունելի է, ու ամեն ինչ պետք է անենք, որ նման երևույթներ թույլ չտանք նախընտրական քարոզարշավների ժամանակ»:

Բանախոսի խոսքով՝ պետք է բոլորի համար հասկանալի լինի, որ, եթե սկսեն օգտագործել այդ թեման, ապա  բավականին լուրջ հակահարված կստանան բոլոր այն մարդկանց կողմից, ովքեր անմիջականորեն զբաղված են այդ գործերով, ովքեր այս օրերին կամ այդ պատերազմի տարիներին եղել են առաջնագծում:

Նա կոչ արեց ընտրություններից առաջ չշահարկել Արցախի խնդիրը. «Ամեն մի սխալ հայտարարությամբ մենք ստեղծում ենք անհարկի լարվածություն նախ՝ ՀՀ-ում, հետո էլ՝ Արցախի Հանրապետությունում և առաջին գծում»:

Տեսանյութեր

Լրահոս