Բաժիններ՝

«Ժամը 4-ին տագնապ տվեցին, դուրս եկանք, մտանք խրամատները…»

«Եթե իմ դիրքում որևէ զինծառայող զոհվեր, ծնողը զանգեր՝ չէի՞ք ասելու՝ ռազմական գործողությունների ժամանակ է զոհվել կամ վիրավորվել։ Ինչո՞վ է տարբերվում։ Եթե ես, իմ ընկերները եկել-հասել ենք, ինչո՞ւ մենք ռազմական գործողության մասնակից չենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս հարցը ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցչին ուղղեց նախկին ժամկետային զինծառայող Արեգ Ջանոյանը։

Նրա խոսքով՝ 2014-2016թթ. ծառայել է Ջաբրաիլի զորամասերից մեկում։ «Ապրիլի 1-ին հերթափոխ է եղել, իջել ենք զորամաս, ապրիլի 2-ի առավոտյան տագնապով բարձրացել ենք մարտական դիրքեր»,- ասաց նախկին ժամկետային զինծառայողը՝ նշելով, որ առաջնագծում է եղել, սակայն զինգրքույկում նշում չկա այն մասին, որ մասնակցել է մարտական գործողություններին։ Նա նշեց, որ մի քանի անգամ դիմել է, սակայն պատասխան է ստացել, որ մասնակցել է մարտական հերթապահությանը։ Ի պատասխան Արեգի հարցի՝ ՀՀ պաշտպանության նախարարության Մարդու իրավունքների և բերավարքության կենտրոնի պետ Ալիկ Ավետիսյանն ասաց, որ զոհ կարող է լինել նաև թիկունքում, ինչի դեպքում ևս մարտական հերթապահության մասնակցի ձևակերպումն էր լինելու, եթե այդ անձը մասնակցած լիներ մարտական հերթապահությանը։ Ըստ նրա՝ կա մարտական հերթապահության մասնակցի կարգավիճակ, մնացած հղումները ժամանակավոր լուծման նպատակ են ունեցել։

Զինծառայող Ջանիկ Սիմոնյանն էլ ասաց, որ ծառայել է Հադրութի զորամասերից մեկում. ապրիլի 1-ին բարձրացել են դիրքեր. գիշերը՝ ժամը 4-ին, տագնապ է հայտարարվել։ «Ժամը 4-ին տագնապ տվեցին, դուրս եկանք, մտանք խրամատները, և մինչև հունիսի 25-ը մնացել եմ դիրքերում։ Իջել եմ, երեք օր անց՝ զորացրվել։ 2-3 անգամ հարցում եմ արել, պատասխան է եկել, որ ես մասնակցել եմ մարտական հերթապահության»,- ասաց նա։

Թալիշում մարտական հենակետ հետ վերցնելու համար մեդալ ստացած նախկին ժամկետային զինծառայող Պարգև Խաչատրյանի քույրը՝ Կարինե Խաչատրյանը, ասաց, որ եղբայրը Թալիշում է ծառայել, ապրիլի 1-ին բարձրացել են դիրքեր, երբ պատերազմ է սկսվել, եղբայրն արդեն դիրքերում է եղել։ «Օրեր հետո, երբ հենակետ է վերացված եղել, նա մյուս զինծառայողների հետ միասին մասնակցել է գործողությանը, և հետ են վերցրել հենակետը, որը վերցրել էր հակառակորդը։ Պաշտպանության նախկին նախարարի՝ Սեյրան Օհանյանի կողմից եղբայրս մեդալ է ստացել։ Զինգրքույկում նշվել էր, որ եղբայրս մասնակցել է, դրվել է կնիք։ 2017թ. հունվարի 20-ին՝ զորացրման օրը, զինգրքույկները հավաքել են, ապա ետ վերադարձրել։ Եղբայրս տուն է եկել,  ճանապարհին չի էլ բացել, չի տեսել, որ ջնջում կա արված։ Երբ եկավ տուն, բոլորս ուրախացած մեկս մյուսից խլում էինք զինգրքույկը, տեսանք, որ ջնջում է կատարված։ Գրված է՝ «02.06.2016թ. մասնակցել է մարտերին զորամասի կազմում՝ գնդացրորդի պաշտոնում»։ Առկա է կնիքը։ «Է» տառը ջնված էր ածելիով կամ մեկ այլ բանով. քերված էր։ «Մասնակցել» բառից առաջ խցկած էր «չի» բառը»,- ասաց Կարինե Խաչատրյանը՝ նշելով, որ մեկ ամսվա ընթացքում բազմաթիվ անգամներ դիմել են, իսկ մամուլին դիմելուց հետո որոշակի գործընթաց է սկսվել, 2 օրվա ընթացքում տվել են եղբոր զինգրքույկի կրկնօրինակը՝ նշումով, որ նա մասնակցել է մարտերին։

Կարդացեք նաև

Ալիկ Ավետիսյանն ասաց, որ «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին առնվազն 30 տոկոս զեղչ է տրվում։ Նա նշեց, որ ապրիլյան դեպքերից հետո, հաշվի առնելով իրավիճակը, Կրթության նախարարության կողմից նախաձեռնություն է եղել՝ ապրիլյան ռազմական գործողություններին մասնակցած զինծառայողների համար նախատեսել մինչև 50 տոկոս զեղչի հնարավորություն։ «Խոսքն այս իրավիճակում անձանց տրվող կարգավիճակի մասին չէ, որը հավասարեցվում է մարտական գործողությունների մասնակցին։ Դա այլ կարգավիճակ է։ Դա վերաբերում է Արցախյան ազատամարտին մասնակցած անձանց. այն ժամանակ դեռևս չկար կանոնավոր բանակ, ձևավորման փուլում էր, կային կամավորականներ, այդ անձինք պետք է կարգավիճակ ստանային։

Այս պարագայում իրենք չեն դիտարկվում մարտական գործողությունների մասնակից։ Պարզապես, երբ եղավ հայտարարությունը Կրթության և գիտության նախարարության կողմից, և արդեն սկսվեց այս գործընթացը, ամենայն հավանականությամբ, տեղերում մի շարք զորամասերի հրամանատարներ սկսեցին նշումներ կատարել՝ յուրաքանչյուրը՝ ըստ իր իմացածի, որովհետև, համենայն դեպս, նման հանձնարարական մեր կողմից դեռևս չէր եղել»,- ասաց նա՝ նշելով, որ ջնջումները չէին կարող զինկոմիսարիատում լինել, քանի որ զինգրքույկը զորացրման պահից հանձնվում է զինծառայողին։ Նա ասաց, որ որոշակի թերացումները չեն բացառվում, փորձում են ընթացակարգի շրջանակներում լուծում տալ հարցին՝ հաշվի առնելով այս խնդիրները՝ հարկավոր է համակարգված լուծում գտնել։

Հարցին՝ արդեն իսկ հայտնաբերված թերացումների համար արդյոք անձինք ենթարկվե՞լ են պատասխանատվության, Ալիկ Ավետիսյանը պատասխանեց, որ այս պահին չի կարող ասել, դա հարկավոր է ճշտել Պաշտպանության բանակից։

Հելսինիկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասաց, որ այստեղ քաղաքական պատասխանատվության հարց է՝ պետության պատասխանատվությունն իր քաղաքացիների նկատմամբ։ Նա հարց հնչեցրեց, թե որքանո՞վ է հիմնավոր սպայական կոչումների շարանը, «և տվյալ դեպքում՝ որքանո՞վ է բարոյական՝ չճանաչել մարդկանց գրառումը, որոնց հրաման են տվել անմիջականորեն մարտական հերթապահություն իրականացնել».

«Ինչքանո՞վ է բարոյական՝ մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ճանաչել միայն 1992-1994թթ.՝ այն դեպքում, երբ քաղաքական այրերը մշտապես ասում են՝ մենք պատերազմական, կիսապատերազմական վիճակի մեջ ենք։ Եթե պատերազմական, կիսապատերազմական վիճակի մեջ ենք, հետևաբար՝ ծառայություն իրականացնում ենք պատերազմական վիճակի մեջ, հետևաբար՝ պատերազմական կամ կիսապատերազմական վիճակին համապատասխան՝ նաև իրավական կարգավորումներ պետք է լինեն, հետևաբար՝ մարդիկ, որոնք ծառայություն են իրականացնում, պետք է ճանաչվեն՝ որպես պատերազմական կամ կիսապատերազմական վիճակում ծառայություն իրականացնողներ»։ Արթուր Սաքունցը հարց հնչեցրեց, թե ինչո՞ւ պետք է զինծառայողները թեժ գծով դիմեն, Պաշտպանության նախարարությունը չգիտի՞, թե ովքեր են մարտական հերթապահության մեջ ընդգրկված եղել. դրանք բոլորն առկա են փաստաթղթերում։

«Եթե մի կողմում մարտական գործողություններ են եղել, իսկ մյուս կողմում մարտական գործողություններ չեն եղել, բայց պաշտպանել են դիրքերը, կրակել են, դա էլ է մարտական գործողություն։ Եթե չպաշտպանեին, բոլորովին այլ վիճակ կարող էր լինել»,- ասաց նա՝ նշելով, որ պետությունը պետք է պատասխանատվություն կրի, օրենսդրությունը պետք է փոխվի։

Հասարակական գործիչ Դավիթ Մաթևոսյանն էլ ասաց, որ օրենսդրական հսկայական բաց, թերացում ունենք, երբ առկա պատերազմի նախադեպով պետք է սկսենք օրենսդրություն մշակել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս