Բաժիններ՝

Հայաստանում աշխատանք փնտրողների թիվն ավելացել է

Հայաստանում 2017 թվականի հունվարին աշխատանք փնտրողների թիվը կազմել է 95 հազար 811 մարդ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2016 թվականի հունվարի նրանց թիվը կազմում էր 89 հազար 405 մարդ: 2017 թվականի հունվարին նրանց թիվը 7,2 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

2017 թվականին աշխատանք փնտրողների ընդհանուր թվից 80 հազար 576-ը գործազուրկներ են, ինչը նախորդ տարվա համեմատ նույնպես ավելացել է: Աճը կազմում է 3,9 տոկոս:

Այս տարվա հունվարին աշխատանք փնտրողների մեծ մասը կանայք են: Նրանց թիվը կազմել է 62 հազար 183, ինչը 2016 թվականի հունվարի համեմատ ավելացել է 2 հազար 148-ով կամ 3,6 տոկոսով: Աշխատանք փնտրող կանանց 53 հազար 36-ը գործազուրկներ են, ում թիվը 2016 թվականի հունվարի համեմատ պակասել է 322-ով կամ 0,6 տոկոսով:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ աշխատանք փնտրող տղամարդկանց թիվը 2017 թվականի հունվարի վերջի դրությամբ կազմել է 33 հազար 628 մարդ: 2016թ. համեմատ տղամարդկանց թիվն ավելացել է 4 հազար 258-ով կամ 14,5 տոկոսով: 2017 թվականի հունվարին նրանց ընդհանուր թվից 24 հազար 540-ը եղել են գործազուրկներ: Այս ցուցանիշը նախորդ տարվա հունվարի համեմատ ավելացել է 13,9 տոկոսով կամ 370-ով:

Այս տարվա հունվարին ամենից շատ աշխատանք են փնտրել Շիրակի մարզում: Նրանց թիվը կազմել է  17 հազար 250, ինչը նախորդ տարվա հունվարի ցուցանիշը գերազանցել է 10,9 տոկոսով: Երևանում աշխատանք փնտրողների թիվը կազմել է 15 հազար 819, սակայն նախորդ տարվա համեմատ նրանց թիվը 5,7 տոկոսով նվազել է:

Աշխատանք փնտրողների թիվը մեծ է նաև Կոտայքի և Լոռու մարզերում: Նրանց թիվը 2017 թվականի հունվարին, համապատասխանաբար, կազմել է 10 հազար 810 և 10 հազար 713:

Աշխատանք փնտրողների թիվը համեմատաբար քիչ է Վայոց Ձորի մարզում: Այս տարվա հունվարին Վայոց Ձորում աշխատանք են փնտրել 2 հազար 103 մարդ, որոնց թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 257-ով կամ 13,9 տոկոսով:

Վիճակագրական տվյալների համաձայն, 2017 թվականի հունվարին պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը կազմել է 80 հազար 534, իսկ 2016 թվականի հունվարին` 77 հազար 266 մարդ, տարբերությունը կազմում է 3 հազար 268 մարդ կամ 4,2 տոկոս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս