Թրամփի Ազգային հետախուզության ծառայության ղեկավարի թեկնածուն Ռուսաստանը կոչել է մեծ սպառնալիք

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի Ազգային հետախուզության ծառայության ղեկավարի պաշտոնի թեկնածու Դեն Քոթցը օրերս Ռուսաստանին անվանել է մեծ սպառնալիք՝ նշելով, որ Մոսկվան փորձել է ազդել նոյեմբերյան ընտրությունների արդյունքների վրա: Այս հայտարարությունը նա արել է ԱՄՆ-ի Սենատի հատուկ ծառայությունների գծով հանձնաժողովի լսումների ընթացքում: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Ռուսաստանը երկար ժամանակ է իրականացնում է իր քարոզչությունը՝ փորձելով ազդել տարբեր երկրների ընտրությունների արդյունքների վրա: Հենց այս պահին դա տեղի է ունենում Եվրոպայում: Նրանք օգտագործում են կիբերհարձակումները, տարբեր այլ մեթոդներ, որոնք չեն օգտագործել նախկինում: Կարևոր խնդիրն այն է, որ ամբողջապես հասկանանք ինչ է տեղի ունեցել, ինչպես է տեղի ունեցել և դրա վերաբերյալ ամբողջական զեկույց պատրաստենք»,- ասել է Քոթցը:

Սենատի լսումների ընթացքում նախագահի հետախուզության գծով թեկնածուն խոստացել է ամբողջական հետաքննություն իրականացնել ԱՄՆ-ի ընտրությունների վրա Կրեմլի ունեցած դերակատարության վերաբերյալ: Այս դիրքորոշումը սակայն հակասում է նախագահ Թրամփի նախկին հայտարարություններին, ով և՛ նախընտրական փուլում և՛ ընտրություններից հետո հերքել է հատուկ ծառայությունների բացահայտումներն այս ուղղությամբ:

Դեն Քոթցի մատնանշած մեկ այլ գլխավոր սպառնալիքներից է ծայրահեղ իսլամական ահաբեկչությունը:

«Նրանք տարածում են ատելությամբ լի ուղերձներ տարբեր կիբերդաշտերում և գործում են իրենց ինքնահռչակ խալիֆայությունից դուրս»:

Քոթցը նաև մտահոգություն է հայտնել Հյուսիսային Կորեայի ու Չինաստանի կապակցությամբ:

Տեսանյութեր

Լրահոս