
«Հարցվողներն ասել են, որ կընտրեն կրթված, հեղինակություն ունեցող, հասուն տարիքի, ընդդիմադիր կուսակցությունից, տեղացի և արական սեռի թեկնածուի». Ահարոն Ադիբեկյան

«Այն հարցին, թե առաջնահերթ ո՞ր խնդիրներով կզբաղվեիք դուք, եթե ընտրվեիք պատգամավոր, նախագահ կամ վարչապետ, 3000 ընտրողների շրջանում անցկացված հարցումների արդյունքներով ամենամեծ թիվը կազմում են տնտեսական խնդիրները, որոնց մասին նշել է հարցվողների 47%-ը: Սոցիալական խնդիրների մասին նշել է 26%-ը:
Այսինքն՝ 3 քառորդը նշել է սոցիալ-տնտեսական խնդիրների մասին»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ հավելելով, որ հարցվողների ընդամենը 19%-ն է նշել պետական-իրավական խնդիրների մասին:
Հետևաբար, նա կարծում է, որ ԱԺ պատգամավորի պաշտոնին հավակնող թեկնածուների մեծ մասն օգտագործում է պոպուլիստական կարգախոսներ՝ աշխատանք կտանք, գործարաններ կկառուցենք, թոշակները կբարձրացնենք, և այլն. «Խնդիր է ծագում՝ որտեղի՞ց»:
Սոցիոլոգի խոսքով՝ 3000 հարցվածներից իրենց աղքատ են համարել 12%-ը.
«Ընդ որում ՝ 36%-ը խուսափել է հարցմանը մասնակցել. դրանց մեծ մասն աղքատներն են, որոնք չեն համարում, որ կարելի է մի բան փոխել: Իրենց համեստ են համարում 86%-ը, ունևոր՝ 2%-ը: Ունևորների թիվը 7 անգամ կրճատվել է, բայց մեծացել է համեստների թիվը: Համեստը միջինից ցածր ապրողն է, որ մի կերպ կարողանում է կոմունալները վճարել»:
Ադիբեկյանը նշեց, որ հարցումն անցկացվել է այս տարվա փետրվարի 24-25-ն ընկած հատվածում: Նրա խոսքով՝ հարցվողներն ասել են, որ կընտրեն կրթված, հեղինակություն ունեցող, հասուն տարիքի, ընդդիմադիր կուսակցությունից, տեղացի և արական սեռի թեկնածուի.
«Այս 6 հատկանիշն են կարևորում: Հետևաբար՝ քարոզարշավի կարևորությունը մեծ է»:
168.am -ի հարցին՝ այս պահին նախանշվո՞ւմ է, թե որ ուժերը կհայտնվեն ԱԺ-ում, նա այսպես պատասխանեց.
«Այդ հարցին կպատասխանեմ մարտի 12-ին, քանի որ հիմիկվա վիճակով միայն մասնակիցների 43%-ը որոշում ունի՝ ում է ձայնը տալու: Ընդ որում՝ 43%-ի միայն 30%-ն է իր կարծիքը հայտնել, մնացածն ասում են՝ չեմ ասի: 23%-ը չգիտի՝ ձայնն ում է տալու, ընդ որում՝ դրա մի մասը պատրաստ է վաճառել իր ձայնը: Հիմա, եթե ես մի բան ասեմ, սուտ է դուրս գալու: Սպասենք՝ ընտրարշավը սկսվի, ձևավորվեն կարծիքներ, ամսի 12-ին արդեն առաջնային արդյունքները կլինեն»: