«Քրիստոնյա ժողովուրդները, ի տարբերություն մահմեդականների, շատ երեխաներ չեն ունենում». Կուտակայինի չեղարկման վտանգը՝ ըստ Գագիկ Մինասյանի
ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը 168.am-ի հետ զրույցում լսելով «Ծառուկյան» դաշինքի 15 կետերից մի քանիսի մասին, անկեղծորեն զարմացավ։
«Այդ բոլորի մեջ ինձ շատ հետաքրքրում է՝ կուտակայինն ինչո՞ւ են ուզում չեղարկել»,- ասաց նա։
Լսելով, որ այդպիսով խնայված միջոցները պետք է ուղղեն ներկայումս կենսաթոշակների և աշխատավարձերի բարձրացմանը, Մինասյանը հարցրեց. «Իսկ այն մարդիկ, որոնք մի քանի տարի հետո պետք է գնան կենսաթոշակի, ի՞նչ պետք է անեն»։
Նա մտահոգություն հայտնեց «Ծառուկյան» դաշինքի կուտակայինը չեղարկելու մտադրության կապակցությամբ և նշեց, որ իրենք մեծ բացատրական աշխատանք են կատարել, որպեսզի հասարակությունը հասկանա, որ կուտակային կենսաթոշակների ներդրումը չափազանց կարևոր քայլ է հասարակության համար, որն ունի խնդիրներ, իսկ բոլոր այն երկրները, որոնք այդ խնդիրները չեն լուծում, դատապարտված են այդ խնդիրները լուծել այլ ճանապարհերով.
«Արևելյան Եվրոպայի բոլոր մեծ խնդիրների հիմքում կա հետևյալը. տարիքն առած քաղաքացիները, քանի որ չունեն համապատասխան կենսաթոշակային միջոցներ, պետությունը չունի այդ միջոցները, ստիպված բացում է դռները ներգաղթյալների համար, որպեսզի ապահովեն կենսաթոշակով այն մարդկանց, որոնք արդեն չեն աշխատում։ Դա հայտնի պրոբլեմ է, և դա չտեսնելը շատ վտանգավոր է։
Հայաստանը, ինչպես եվրոպական պետությունները, քրիստոնյա բնակչություն ունի, և այդ քրիստոնյա ժողովուրդները, ի տարբերություն մահմեդականների, շատ երեխաներ չեն ունենում։ Եվ եթե հանկարծ այսօր առկա խնդիրները չլուծվեն, մեր բոլոր մյուս խնդիրների հետ միասին՝ հարևաններ և այլն, որոշ ժամանակ անց մեր կենսաթոշակառուները կպահանջեն, որ մենք բացեք մեր սահմանները և Հայաստան թողնենք մեր հարևան մահմեդականներին, որպեսզի նրանք աշխատեն և ապահովեն իրենց բարեկեցիկ ծերությունը»։
Տեսախցիկների և արագաչափերի չեղարկման մասին ևս Գ. Մինասյանը դեմ արտահայտվեց, քանի որ այսօր դրանց եկամուտներն ուղղվում են բյուջե, ու դրանով լուծվում են բազում խնդիրներ. «Քննարկման հիմնական թիրախը դա էր, որ տեսախցիկների և արագաչափերի գումարները չեն դառնում հանրային ֆինանսներ, այլ դրանց հիմնական մասը գնում էր շահագործող ընկերությանը։ Ըստ էության, այդ հարցը քայլ առ քայլ լուծվեց»։
Նա կարևորեց, որ այս ընթացքում նաև պատժաչափերն են հետևողականորեն թուլացվում. «Ես կարծում եմ, որ շուտով մենք կգանք այնպիսի լուծումների, որ և՛ տրանսպորտային գործունեությամբ զբաղվող մեր քաղաքացիները շատ չեն դժգոհի այդ պատժամիջոցների մեծությունից, և մյուս կողմից՝ տրանսպորտային միջոցները շահագործողներն ու հետիոտնն ապահով կլինեն, որ իրենց կյանքին ու առողջությանը ոչինչ չի սպառնում»։