Ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը

«Ադրբեջանի նպատակները մի քանիսն են, հիմնական նպատակն է՝ ճնշում իրականացնել Հայաստանի և Ղարաբաղի վրա, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահների վրա, որպեսզի նրանք սկսեն առաջարկել Ղարաբաղյան խնդրի լուծման տարբերակ, որը բխում է իրենց շահերից, քանի որ հիմա բանակցությունները կանգնած են, հայկական կողմը պահանջ է դրել, որպեսզի իրականացվեն Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացված որոշումները, մասնավորապես՝ զինադադարի խախտման միջազգային հետաքննության մեխանիզմների ներդրման մասին։

Ադրբեջանը նախ՝ համաձայնել էր դրան, բայց հետո հրաժարվեց։ Եվ կա նպատակ՝ ցույց տալու իր ժողովրդին, որ նա չի հրաժարվել Ղարաբաղը վերադարձնելու գաղափարից։ Նաև ռազմական առումով նա իրականացնում է հետախուզական գործողություններ, շոշափում է շփման գիծը, շոշափում է մեր բանակի զգոնությունն ու մարտունակությունը»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ խոսելով անցած գիշեր Ադրբեջանի ձեռնարկած հերթական ագրեսիայի մասին։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ Ադրբեջանն անցնի ավելի լայնածավալ գործողությունների, Վ.Հարությունյանը պատասխանեց, որ պետք է գիտակցել, որ մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում, ուղղակի կնքված է զինադադարի պայմանագիր, իսկ խաղաղության պայմանագիր մենք չունենք.

«Դրա համար, երբ մենք խոսում ենք լայնածավալ պատերազմի, գործողությունների մասին, ապա պետք է գիտակցենք, որ ամեն ինչ հանրավոր է։ Բայց մենք պետք է խոսենք դրա հավանականության մասին։ Ադրբեջանը կարող է գնալ գործողությունների, որ պատերազմ չէ, բայց լուծում է լոկալ խնդիրներ։ Դա երբեք չի կարելի բացառել։ Դա բացառելու համար պետք է աշխատել՝ միայն ապահովելով բանակի մարտունակությունը և ամբողջ հայ ժողովրդի կամքն ու պատրաստակամությունը՝ պատերազմի դեպքում հասնելու հաղթանակի։ Սրանք են այն գործոնները, որոնք պետք է ապահովեն պատերազմի չվերսկսումը»։

Ի պատասխան հարցի, թե ինչպե՞ս կարելի է Ադրբեջանին պարտադրել ներդնել զինադադարի խախտման միջազգային հետաքննության մեխանիզմները, կամ հնարավո՞ր է առանց նրա համաձայնության՝ ներդնել դրանք, Վ.Հարությունյանը նշեց, որ այստեղ այլ խնդիր կա՝ դիվանագիտական և քաղաքական.

«Պետք է դա օգտագործես և ցույց տաս, որ համաշխարհային հանրությունը, համանախագահները և միջազգային կառույցները գիտակցեն, որ Ադրբեջանն է խախտում հրադադարը, Ադրբեջանն է անլուրջ վերաբերվում իր միջազգային պարտավորություններին։ Դա որևէ մի պետության պատիվ չի բերում։ Երկրորդ ուղղությունը՝ պետք է ամեն ինչ արվի, որ իրենց ստիպեն դրան գնալ, բայց միևնույն ժամանակ՝ մենք պետք է հասկանանք, որ այդպիսի մեխանիզմներ չկան այսօր, որպեսզի Բաքվին որևէ մեկը ստիպի։ Այնպես որ, մենք պետք է աշխատենք քաղաքական, դիվանագիտական դաշտում, նաև գիտակցելով, որ դա չի կարող միանշանակ որևէ մի լուծման բերել։ Բաքուն շարունակելու է դա»։

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին, ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով՝ հետ շպրտել ելման դիրքեր:

Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի:

 

Տեսանյութեր

Լրահոս