Բաժիններ՝

Արտեմ Ասատրյանը՝ կուտակային համակարգը չեղարկելու՝ «Ծառուկյան» դաշինքի ծրագրի մասին. «Ես չեմ կարծում, որ դրանք լուրջ վերլուծական հիմք ունեն»

«Ես վստահ եմ, որ մեր այսօրվա ժողովրդագրական իրավիճակի պայմաններում և առաջիկա զարգացումների պայմաններում այդ համակարգն այլընտրանք չունի: Եվ եթե ուղղակի նախընտրական տրամադրություններով պայմանավորված՝ ներկայացվում են տեսակետներ, ես չեմ կարծում, որ դրանք լուրջ վերլուծական հիմք ունեն, որովհետև, եթե նայենք 3 տարվա ընթացքում նոր համակարգի գործունեության նախնական արդյունքները, կարելի է պնդել նաև, որ այսօր մեր ներդրած համակարգը նույնիսկ օրինակելի է համարվում, շատ դեպքերում փորձ է արվում նույնիսկ այդ փորձը վերցնել և ներդնել»,- այսօր ԱԺ-ում, 168.am-ի հարցին ի պատասխան՝ հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ մեկնաբանելով «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագրային դրույթը, ըստ որի՝ կենսաթոշակային կուտակային համակարգը պետք է չեղարկել։

Ըստ նախարարի՝ համակարգն անցնում է շարունակական կատարելագործման ճանապարհով, որն ապահովելու է ՀՀ քաղաքացիների վաղվա կենսաթոշակային ապահովության բավարար կենսամակարդակ` լուծելով մի կարևորագույն խնդիր` կապը կատարված վճարի և կենսաթոշակի չափի միջև, ինչն այսօր բացակայում է գործող համակարգով: Ա.Ասատրյանի կարծիքով՝ սա կենսաթոշակային համակարգի ամենակարևոր սկզբունքն է. «Ես վստահ եմ, որ այս համակարգի լիարժեք գործելու պարագայում մենք ապահովելու ենք նույնիսկ սոցիալական խարտիայով նախատեսված 40% միջին փոխհատուցման գործակիցը, որը գերնպատակն է»:

Թե ի՞նչ նախնական արդյունքներ կան, Ա.Ասատրյանը նշեց, որ այս տարիների ընթացքում միջոցների կառավարման արդյունքում զգալի եկամտաբերություն է ապահովվել. «Միջինում, գնաճն էլ հանած, իրական եկամտաբերության շուրջ 8-9% տարեկան աճ է ապահովվել։ Ես կարծում եմ, որ դա իսկապես շատ լավ ցուցանիշ է, չնայած կենսաթոշակային համակարգերը երկարաժամկետ հատվածում են դիտարկում: Այսինքն՝ կարճաժամկետով գնահատական տալը ճիշտ չէ։ Եվ այսօր եղած նախադրյալները վստահություն են ներշնչում, որ շատ արդյունավետ համակարգ է լինելու»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս