«Մենք և՛ ծրագիր ունենք, և՛ կարգախոս ունենք». Էդուարդ Շարմազանով

Հայաստանի հանրապետական կուսակցության կարգախոսն ու ծրագիրը, ըստ սահմանված ժամկետների, կհրապարակվեն։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ՀՀԿ կարգախոսը մինչև հիմա չի հրապարակվել։

«Մենք և՛ ծրագիր ունենք, և՛ կարգախոս ունենք։ Շնորհանդես կանենք, կներկայացնենք»,- ասաց Շարմազանովը։

Ըստ նրա՝ կարգախոսի և ծրագրի հիմքը լինելու է Հայաստանի անվտանգության ամրապնդումը, տնտեսական առաջընթացի ապահովումը, համերաշխության և քաղաքական մշակույթի ներդրումն ու զարգացումը և ժողովրդավարության զարգացումը մեր երկրում. «Սա մի քանի բառով ծրագրային դրույթներն են։ Հիմնականում տնտեսության առաջընթացի և անվտանգության ապահովման հիմքի վրա է լինելու և՛ կարգախոսը, և՛ ծրագիրը։ Ոչ մի գաղտնի բան չկա, մինչև քարոզարշավը, օրենքով սահմանված կարգով կներկայացնենք, խնդիր չեմ տեսնում»։

Հիշեցնենք, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների մյուս մասնակիցներն արդեն հրապարակել են իրենց կարգախոսները. «Ելք» դաշինք՝ «Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ», ՀԱԿ-ՀԺԿ դաշինք՝ «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն», «Ծառուկյան» դաշինք՝ «Փոփոխությունների և կառուցելու ժամանակն է», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»՝ «Ժառանգություն, համախմբում, հաղթանակ», ՀՅԴ՝ «Նոր սկիզբ, արդար Հայաստան», «Ազատ դեմոկրատներ»՝ «Մենք կարող ենք», ՀՎԿ՝ «Քվեարկիր հանուն փոփոխության, քվեարկիր հանուն վերածննդի», Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ «Հայրենիք, աշխատանք, սոցիալիզմ»:

Տեսանյութեր

Լրահոս