«Մեր իշխանությունները շատ տաղանդավոր մարդիկ են և տարբեր հեքիաթներ են մեզ պատմում». Ստեփան Գրիգորյան
«Քանի որ արդեն նկատվում են համագործակցության եզրեր Վրաստանի և Իրանի միջև, Հայաստանն անփոխարինելի է այստեղ դառնում, և անհրաժեշտ է, որ բոլորս մտածենք այդ ամենում կոնկրետ հաշվարկներ ունենալու և ճիշտ տնտեսական քաղաքականություն վարելու ուղղությամբ: Ե՛վ Ռուսաստանը, և՛ Վրաստանը, և՛ Հայաստանը, և՛ Իրանը պետք է համագործակցության ընդհանուր ուղիներ որոնեն: Ես կարծում եմ, որ դա ռեալ է, ու ողջունում եմ այս համագործակցությունը, թեկուզ պայմանավորվածությունը եղել է Ռուսաստանի և Վրաստանի միջև»,- այսօր կազմակերպված «Ռուս-վրացական նոր պայմանավորվածություններ. ՀՀ-ն կունենա՞ այլընտրանքային ճանապարհ դեպի ՌԴ» թեմայով քննարկման ընթացքում այս մասին ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
Հիշեցնենք, որ Հարավային Օսիայի և Աբխազիայի տարածքներով կոմունիկացիոն ուղիների վերաբացման և փոխադարձ առևտրի զարգացման շուրջ պաշտոնական Մոսկվայի և Թբիլիսիի միջև վերջերս ձեռք է բերվել համաձայնություն:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն էլ նկատեց՝ մեր իշխանությունները շատ տաղանդավոր մարդիկ են և տարբեր հեքիաթներ են մեզ պատմում. «Մեր տրանսպորտի նախարարն ասում է՝ վերին Լարսը փակ է, բեռնափոխադրում հնարավոր չէ, ու այն փորձելու են իրականացնել Հարավային Օսիայով: Այստեղ ինձ մի հարց է հետաքրքրում. երբ մեր իշխանությունները խոսում են աբխազական ավտոճանապարհի վերագործարկման և Հարավային Օսիայով ինչ-որ ուղիներ գտնելու մասին, նրանք դա ինչ-որ կերպ քննարկո՞ւմ են իրենց ռուս և վրացի գործնկերների հետ, թե՞ դա ուղղակի մեր ցանկությունն է, և մենք դրա մասին բարձրաձայնում ենք: Դա շատ կարևոր է»:
Քաղաքագետն ասաց, որ միայն կարող ենք ողջունել ռուս-վրացական հարաբերությունների կարգավորումը, որովհետև ըստ նրա՝ այս պահին տարածաշրջանում կարևոր ճանապարհները փակ են՝ ռուս-վրացական, հայ-ադրբեջանական, հայ-թուրքական. «Դրանցից մեկի բացումը, օրինակ՝ ռուս-վրացական սահմանի, իհարկե, կփոխի մթնոլորտը»: