Խոստովանությունների ժամը

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ներկայացուցիչները երեկ ասուլիսում մի շարք ուշագրավ հայտարարություններ ու խոստովանություններ արեցին։ Պարզվում է, իսկապես, դաշինքի ցուցակը գլխավորող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը 2005թ. Արցախում պաշտոնավարելու ժամանակ իր աշխատասենյակում ծեծել է Պավլիկ Մանուկյանին, բայց նրա բաժակի մեջ թքելու փաստը հերքեց։

«Անսխալական մարդիկ չեն լինում, յուրաքանչյուր մարդու կարողությունների առանձնահատկությունը, կարծում եմ, նրանում է, որ մարդիկ տարիների ընթացքում կատարելագործվում են և փորձում են նախկինում թույլ տված սխալներն ուղղել։ Իրոք, իմ առանձնասենյակում Պավլիկ Մանուկյանի հետ միջադեպ եղել է, բայց բաժակի մեջ թքելու…, ես նույնիսկ անհարմար եմ զգում, նման բան չի եղել»,- ասաց Օհանյանը։

Նա վստահեցրեց, թե հետո երկարատև աշխատանք են ունեցել Պ.Մանուկյանի հետ, և իրենց հարաբերությունները բավականին բարձր մակարդակի  են եղել։ Նա հերքեց նաև իր ունեցվածքի մասին շրջանառվող լուրերը` վստահեցնելով, թե Երևանի Սայաթ-Նովա պողոտայի վրա գտնվող «Պիրամիդա» օբյեկտը, Սյունիքի մարզում իրեն վերագրվող ՀԷԿ-ը, Շորժայում Սևանի ափին ամառանոցն իրենը չեն։ Ավելին` անգամ Վահագնի թաղամասում առանձնատունն իր սեփականությունը չէ, և այնտեղ վարձով է բնակվում։ Օհանյանի խոսքով` թեև 2008թ. Վահագնի թաղամասում իրեն հողակտոր նվիրել է անձամբ պարոն Հովնանյանը, բայց ինքն այդ հողակտորը հետագայում վաճառել է։

Ս. Օհանյանին հստակ հարց ուղղվեց` արդյոք նա բացահայտումներ կանի՞ իշխանության անօրինականությունների կամ չարաշահումների վերաբերյալ, սակայն նա այդպես էլ ուղիղ պատասխան չտվեց. միայն խոսեց պետական կառավարման համակարգում բացթողումների և իր փորձի մասին։ Նախկին նախարարը չընդունեց նաև Մարտի 1-ի հետ կապված` իրեն ուղղված մեղադրանքները, որ բանակն ուղղորդել է ժողովրդի դեմ, ինչի մասին հայտարարել էր նաև ներկայումս իր դաշնակից Րաֆֆի Հովհաննիսյանը։

Կարդացեք նաև

«Ր.Հովհաննիսյանն այսօր մեր գործընկերն է, և մենք լավ հարաբերություններ ունենք, տարեցտարի հասել ենք, որ ԶՈՒ-ում որևէ ուղղորդում քաղաքական գործընթացների հետ կապված չի եղել»,- ասաց նա։ Հարցերին, թե Հայաստանում ո՞վ է քաղբանտարկյալ, արդյոք Ժիրայր Սէֆիլյանն ու Վոլոդյա Ավետիսյանը քաղբանտարկյա՞լ են, նա դարձյալ հստակ պատասխան չտվեց.

«Իմ խոսքերի մեջ հակասություններ չկան։ «Քաղբանտարկյալ» ասելով` որևէ մեկի անունը չեմ տվել։ Տարբեր ժամանակներ իմ հայտարարությունները հիմնավորված են եղել։ Ե՛վ Ժ. Սէֆիլյանին, և՛ Վ. Ավետիսյանին հարգում եմ, նրանք մեր մարտական ընկերներն են, բայց այսպիսի հարցադրումների պատասխանը պետք է տա իշխանությունը»։

Խոստովանությունների առումով դաշնակցին չզիջեց նաև «Համախմբում» կուսակցության ղեկավար, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։ Նա շատ հանգիստ հաստատեց, որ տարիներ առաջ, երբ ինքը դեռ ԱԳ նախարար էր, իր ծառայողական մեքենան վարել է իր որդին և վրաերթի է ենթարկել մի քաղաքացու։

«Ինձ հասանելիք ծառայողական մեքենան ինչ-որ պահի իմ որդին է վարել, դեպք էր եղել, 15, 17 տարի առաջ էր, վթարի ենթարկված այդ տղան ոտքն էր վնասել, հետո մենք օգնել ենք իրեն ամեն ինչով, ապաքինվել է։ Ինձ հասանելիք մեքենան էր, իմ տղան էր վարել»,- ասաց նա` այդպես էլ չպարզաբանելով, թե ինչու էր իր ծառայողական մեքենան իր որդին շահագործել, ինչն օրենքով չի թույլատրվում։

Օսկանյանն իր պաշտոնավարման տարիների մի շարք ձեռքբերումներ թվեց. Իրանի հետ գազատարի կառուցում, Թուրքիայի հետ հարաբերությունների պաշտպանություն, մեծ ներդրումների ներգրավում, արտաքին պարտքի կրճատում, և այլն։

Նա հայտարարեց, թե «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը բերվել էր իր անձնական ջանքերով, իսկ փակվել է, երբ իշխանությունն է փոխվել։ Սակայն այդ տարիների բացթողումներից Օսկանյանը հրաժարվեց. «Բանակցային գործընթացից Ղարաբաղի դուրս մնալն իմ մեղքը չի, ես փոխնախարար էի, Ադրբեջանը պայմաններ դրեց, Լիսաբոնյան համաձայնագիր էր եղել, որ փոխվի բանակցությունների բովանդակությունը։ Այսինքն` մեղավորն Ադրբեջանն է։ Եվ մեղադրել որևէ մեկին չի կարելի»։ «Այդ տարիներին եղել է խաղաղություն, եղել է տնտեսական աճ, և իմ փորձն է ինձ իրավունք տալիս այսօր հայտ ներկայացնել»,- հայտարարեց նախկին արտգործնախարարը։

Տեսանյութեր

Լրահոս