Բաժիններ՝

«ԱՄՆ-ից և Գերմանիայից հետո Ֆրանսիան Հայաստանին ամենաշատ օժանդակություն տրամադրող երկիրն է». ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն անդրադարձ կատարելով հայ-ֆրանսիական տնտեսական զարգացման խնդիրներին՝ նկատեց, որ 2016 թվականը բավականին հագեցած տարի էր թե՛ երկկողմ հարաբերությունների, թե՛ տնտեսական, թե՛ այլ ոլորտներում ձեռք բերված համատեղ զարգացումների տեսանկյունից.

«2016 թվականը տնտեսական առումով առաջընթացներ գրանցած տարի էր՝ պայմանագիր ստորագրվեց ՀՀ ողջ տարածքով ջրամատակարարում ապահովող ընկերության հետ՝ Զարգացման ֆրանսիական գործակալությունն այդ նպատակով Վեդու ջրամբարի կառուցման համար հատկացրեց 75 մլն եվրո, Հայաստանին տրամադրվեց նաև 40 մլն բյուջետային վարկ: Կրթական ոլորտում ևս բավականին զարգացումներ եղան: Հայ- ֆրանսիական համալսարանում արդեն իսկ ստեղծվել է նախկին շրջանավարտների մի ցանց, որի նպատակը ներկա և նախկին ուսանողների մշտական կապի պահպանումն է»,- ընդգծեց դեսպանը:

Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն նշեց նաև, որ ԱՄՆ-ից և Գերմանիայից հետո Ֆրանսիան Հայաստանին ամենաշատ օժանդակություն տրամադրող երկիրն է: «Դատելով Ֆրանսիայի՝ 2016 թվականի օժանդակությունից՝ կարելի է եզրակացնել, որ Ֆրանսիայի կողմից Հայաստանին տրամադրվող օժանդակությունը 5 անգամ աճել է: Ընթացքի մեջ են և կան նաև կարևոր ծրագրեր, որոնք քննարկվելու են, հանդիպումներ, որոնք տեղի են ունենալու Նախագահ Սերժ Սարգսյանի՝ մարտի 8-ին Ֆրանսիա կատարելիք այցի շրջանակում»,- հավելեց դեսպանը՝ նկատելով, որ դրանցից մեկը միջազգային հարթակում բավականին մեծ հեղինակություն ունեցող ձեռնարկությունների ասոցիացիայի ներկայացուցիչների՝ խոշոր ձեռնարկատերերի հետ հանդիպումն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս