«Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակը գլխավորելու է Արթուր Բաղդասարյանը

«Հայկական վերածնունդ» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է Արթուր Բաղդասարյանը: Այս մասին նախքան «Հայկական վերածնունդ» կուսակցության 2-րդ համագումարը լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՎԿ-ական Հովհաննես Մարգարյանը` նշելով, որ դաշինքների չեն գնում նաև այն պատճառով, որ ՀՎԿ-ն ինքը, ըստ էության, կուսակցությունների դաշինք է:

«Ավելի քան 200 կուսակցություններ, հասարակական կազմակերպություն և անհատներ միավորվել են և ստեղծել «Հայկական վերածնունդը»,- ասաց նա:

Անդրադառնալով  ՀՎԿ-ն լքող «Միավորված հայեր»-ի, «Հայկանդուխտ»-ի, ՀՎԿ երիտասարդական կառույցի ղեկավարին` Հովհաննես Մարգարյան նշեց, որ կուսակցության անդամներն արհամարհում են նման վարքագիծը:

«Չէին կարող մեզ բոլորիս հայտնի չարությունից, նախանձից կուրացածները` ձեռքերը ծալած նստել, պետք է փորձեն, չէ՞,  իրենց պատվերները հասցնել, իրենց սուր և բութ գործիքների օգնությամբ ցեխ նետել»,- ասաց Հովհաննես Մարգարյանն` ավելացնելով, որ իրենք հպարտ են ու շիտակ են հասարակության հետ:

Ըստ նրա՝ այդ երևույթը փոխադարձ է, քանի որ մարդիկ հավատում, վստահում, զորակցում և հույսեր են կապում իրենց հետ և որպես ապացույց է համարում 2016 թվականի ամռանը ՏԻՄ ընտրություններին բավականին խոստումնալից արդյունքների արձանագրումը: Մարգարյանը չհամաձայնեց այն կարծիքի հետ, որ այլ կուսակցությունների մոտ կամ հասարակության ներսում իրենց հանդեպ անվստահություն կա:

Նրա կարծիքով` երիտասարդների շարժիչ ուժը պետք է լինի անմնացորդ նվիրումն իրենց գաղափարներին: «Բազմակուսակցական անցյալը որևէ մեկին պատիվ չի բերում, այդ թվում նաև երիտասարդ քաղաքական գործիչներին»,- հավելեց Հովհաննես Մարգարյանը:

Տեսանյութեր

Լրահոս