Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը հայտարարել է սահմանադրական հանրաքվեի օրը
Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը պաշտոնապես հայտարարել է սպասվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ամսաթիվը: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը: Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի է ունենալու 2017-ի ապրիլի 16-ին:
Սահմանադրական հանրաքվեի ժամանակ Թուրքիայում բնակվող ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 55 մլն 336 հազար 960 է, իսկ երկրից դուրս գտնվողներինը` 2 մլն 929 հազար 389:
Թուրքիայի մեջլիսի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների առաջարկը հաստատման համար փետրվարի 3-ին ուղարկվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով փետրվարի 10-ին ստորագրել էր այն:
Սահմանադրական փոփոխություններով երկրում անցում է կատարվելու կառավարման նախագահական համակարգի: Մեջլիսի պատգամավորների թիվը 550-ից դառնալու է 600: Պատգամավոր ընտրվելու տարիքը 25-ից իջեցվելու է 18-ի:
Մեջլիսի և նախագահի ընտրություններն անցկացվելու են 5 տարին մեկ միևնույն օրը: Երկրի նախագահն այսուհետ կարող է լինել կուսակցական:
Հանցանք գործելու հիմնավորմամբ երկրի նախագահի նկատմամբ թույլատրվելու է հետաքննություն սկսել մեջլիսի անդամների բացարձակ մեծամասնության առաջարկով: Երկրի փոխնախագահներին և նախարարներին նշանակելու և պաշտոնից հեռացնելու է նախագահը: Նախագահական հրամանագրերով է որոշվելու նախարարությունների ստեղծումը:
Մեջլիսի անդամների 3/5-ի ձայներով կարող է որոշում ընդունվել նոր ընտրությունների անցկացման մասին: Այդ պարագայում մեջլիսի և նախագահական ընտրությունները կրկին պետք է միասին անցկացվեն: Եթե մեջլիսը նոր ընտրությունների մասին որոշում է կայացնում նախագահի պաշտոնավարման երկրորդ շրջանում, ապա նախագահին թույլատրվելու է նորից իր թեկնածությունն առաջադրել:
Թուրքիայի մեջլիսի և նախագահի հաջորդ ընտրությունը նախատեսվում է իրականացնել 2019 թվականի նոյեմբերի 3-ին: Սահմանադրական դատարանի անդամների թիվը 17-ից իջեցվելու է 15-ի: