
Հայկական զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակն առաջնագծում. Վիգեն Սարգսյան

Հայկական զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին: Փետրվարի 11-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` անդրադառնալով վերջին օրերին հակառակորդի կողմից հրադադարի պարբերական խախտումներին:
«Բոլորը պետք է վստահ լինեն, որ մեր զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը և չմտածեն, որ այդ խախտումները կարող են հուսահատեցնել կամ լարումը հասցնել այն աստիճանի, որ մենք երկնչենք մեր գործը կատարելու ընթացքում»,- նշեց նախարարը :
Նա հավելեց, որ փետրվարի 10-ին եղել է Տավուշի մարզում, հանդիպել սահմանամերձ բոլոր համայնքների ղեկավարների, ինչպես նաև Նոյեմբերյանի գնդի անձնակազմի հետ:
«Պետք է ասեմ, որ մեծ ոգևորություն և հպարտություն ես զգում` շփվելով թե սահմանին ապրող մեր հայրենակիցների հետ, թե մեր զինվորների հետ, ովքեր այս տարիների ընթացքում` որպես անկախության տարիներին ծնված և մեծացած սերունդ, ուղղակի փայլում են իրենց ոգով, նվիրվածությամբ և համոզվածությամբ, որ կատարում են բոլորիս անհրաժեշտ գործը»,- եզրափակեց նախարարը: