«Եթե քաղաքացին չի զգում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքը, դա է մեր խնդիրը». Սուրեն Քրմոյան
«Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի արդյունավետության մասին է խոսում այն հանգամանքը, որ արդեն իսկ քննարկվել և ընդունվել է ապօրինի քրեականացման մասին օրենքը, և այսուհետ բարձրաստիճան պաշտոնյաները չեն կարող ցույց չտալ իրենց եկամուտների աղբյուրները, նրանք պատասխանատվության կենթարկվեն, սահմանափակվել է նաև կանխիկի շրջանառությունը, և այլն: Մոտ մեկ-երկու ամսում ևս մի երկու նախագիծ կներկայացվի` ազդարարների պաշտպանության օրենքը, որ կոռուպցիոն հանցագործությունների քննության բացահայտման մասով խնդիր ունենք, չեն հայտնում դրա մասին, լատենտայնության խնդիր կա, շատ դեպքերում ձեռնտու է և՛ կաշառք տվողին, և՛ ստացողին, դրա համար բացահայտման խնդիր կա»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը` մեկնաբանելով Հայաստանում կոռուպցիայի մասին ԱՄՆ դեսպանի հայտարարությունը:
Ըստ նրա` ազդարարների ինստիտուտը պաշտպանելու է այն անձանց, որոնք հանցագործությունների վերաբերյալ հաղորդում են տալու, որ ոչ միայն աշխատանքից չհանեն, խնդիր չունենան, այլ հարթակ են ստեղծում, որտեղ անձն անանուն կարող է մտնել և հաղորդում տալ, կցել փաստաթղթեր, հայտնել կոռուպցիոն հանցագործությունների մասին: Նա նշեց, որ երաշխավորելու են օրենքով, որ այդ անձն ի վերջո կստանա պատասխան նույն հարթակի միջոցով, թե ինչ է արվել, ով ինչ պատասխանատվության է ենթարկվել. «Կարծում եմ` մոտակա ժամանակներն օրենքը կքննարկվի կառավարությունում և կուղարկվի Ազգային ժողով: Ամենակարևոր հարցը, որ խորհուրդն արդեն հավանություն է տվել նախնական տարբերակով, և կա նախագահի կարգադրությունը՝ աշխատանքային խումբ ստեղծելու` ՀՀ-ում կստեղծվի հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ նոր համակարգ, այսինքն` Էթիկայի հանձնաժողովի հենքի վրա կստեղծվի հակակոռուպցիոն մարմին, որի ամենօրյա գործը կլինի կոռուպցիայի դեմ պայքարը: Եվ սա ընդամենը մի քանի գործիքներ են»:
Ս.Քրմոյանը նշեց, որ խորհուրդը որոշել է իր կազմը համալրել հ/կ-ների և բիզնես կառույցների ներկայացուցիչներով:
168.am-ի հարցին, թե ինչո՞ւ են ակտիվացել արևմտյան դեսպանները և հաճախակի հայտարարություններ են անում Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի մասին, գուցե իրենց հատկացրած ֆինանսական ռեսուրսներն արդյունավե՞տ չեն օգտագործվում, Ս.Քրմոյանը պատասխանեց, որ ՀՀ կառավարությունն Արևմուտքից չի ստանում ֆինանսավորում, որ իր ինչ-որ ծրագրեր ֆինանսավորի, այլ նրանք ֆինանսավորում են փորձագետներին, որպեսզի նրանք վեր հանեն խնդիրները.
«Դեսպանը խոսում էր ոչ թե անարդյունավետության մասին, այլ խորհրդի գործունեության արդյունավետության հետ կապված հարց էր բարձրացնում: Մենք մասնագիտական ներկայացնում ենք, թե ինչ է արել խորհուրդը, և պատրաստ ենք նաև քննարկման: Եթե ինչ-որ առաջարկներ կհնչեն, որ մենք կարող ենք ավելի բարելավել, մենք կաշխատենք այդ ուղղությամբ»:
Ըստ փոխնախարարի` ՀՀ կառավարությունն արդարանալու խնդիր չունի, հաշվետու է միայն մեր ժողովրդին. «Մենք նրանց միայն ներկայացնում ենք: Մեր թիրախը, գոհունակությունը մենք ակնկալում ենք միայն մեր քաղաքացուց: Եթե քաղաքացին չի զգում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքը, դա է մեր խնդիրը, ոչ թե՝ որ մեր գործընկերները տարբեր երկրներից կամ միջազգային կառույցներից մեզ կքննադատեն»:
Ի պատասխան մեր դիտարկմանը, որ տարիներ շարունակ կառավարությունը կարծես թե պայքարում է կոռուպցիայի դեմ, բայց քաղաքացիների ընկալումը չի փոխվում, Ս.Քրմոյանը նշեց. «Ի վերջո, թիրախը քաղաքացին է, և մենք կհասնենք արդյունքի, երբ քաղաքացին, հ/կ-ները, բիզնեսը կհայտնի, որ այս խնդիրը լուծված է: Պետական ռեգիստրի, անձնագրային ոլորտներում վերացրել ենք, այժմ անցնում ենք հարկային, մաքսային ոլորտին: Գնացեք Նորքի սրտաբանական ինստիտուտ: Կարո՞ղ եք կաշառք տալ: Չեք կարող: Բայց ոչ ոք չի խոսում այդ մասին: Այն, ինչ արվել է, պետք է ներկայացվի, որ ընկալման վրա ազդի: Հիմա բիզնես միջավայրն է թիրախը, բայց շատ կարևոր խնդիր է նաև վարչական կոռուպցիան: Բայց փաստ է, որ կոռուպցիոն ռիսկերն էական նվազել են»: