«Լապշինն ինչ ասի, իրեն ներելի է, միայն թե ինքը կենդանի դուրս գա». ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական
«Այն գործընթացները, որ տեղի են ունենում թե՛ Հայաստանի, թե՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ կապված տարածաշրջանում, մենք երբևէ պետք է չփորձենք դարձնել ներքաղաքական խնդիր և փորձենք դրա մեջ վարկանիշ հավաքել, կամ փորձենք մեկ ուրիշի վարկանիշը դրանով իջեցնել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը։
Նրա խոսքով՝ այն, ինչ տեղի է ունենում այս օրերին, հատկապես՝ Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին Բելառուսի կողմից, շատ միակողմանի է քննարկվում. «Տարօրինակ է, որ նույնիսկ սա փորձում են նախընտրական քարզչության մեջ մեղադրել՝ մեղադրելով պետությանը, որ Բելառուսն Ադրբեջանին հանձնեց Լապշինին»։
Գ. Իսագուլյանը նշեց, որ մենք պետք է շատ լուրջ վերաբերվենք այս խնդրին, ՀՀ-ի պետական մարմիները, հատկապես ԱԳՆ-ն, մեր դեսպանատները, պետք է շատ ակտիվ աշխատեն. «Մենք պետք է կարողանանք այս հարցը դարձնել միջազգային լուրջ խնդիր միջազգային բոլոր ատյաններում, ընդ որում, ոչ միայն պետական մակարդակով, այլև համայնքների մակարդակով, հ/կ-ների մակարդակով, կուսակցությունների մակարդակով։ Պետք է դարձնել օրակարգի խնդիր ու կատարել բոլոր անհրաժեշտ գործողությունները։ Երեկ «Ելք» դաշինքը միջոցառում էր կազմակերպել, ես մասնակցեցի այդ միջոցառմանը՝ հասկանալու համար, թե ինչ տրամադրություններ կան։ Մարդիկ իրենց պահանջը հստակ ներկայացրեցին, առաջարկները ներկայացրեցին, դա ձևերից մեկն է, բոլորն իրավունք ունեն, որևէ մեկը դրա դեմ ասելիք պետք է չունենա»։
Բանախոսի դիտարկմամբ՝ հաշվի առնելով Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը, թե ոնց կարող են իրենք վարվել Լապշինի հետ, մենք իրավունք չունենք Լապշինի՝ վաղը-մյուս օրն արված հայտարարությունները, որոնք կարվեն Ադրբեջանից, դարձնել թիրախ. «Մենք պետք է ասենք՝ Լապշինն ինչ ասի, իրեն ներելի է, միայն թե ինքը կենդանի դուրս գա, որից հետո թե՛ ՀՀ-ն, թե՛ ԼՂՀ-ն պետք է նրան անպայման ինչ-որ ձևով վարձահատույց լինեն, որպեսզի որևէ մեկը չմտածի, որ ինքը հայանպաստ գործունեության արդյունքում կարող է նման վերաբերմունքի արժանանալ, ու իր թիկունքին կանգնող չի լինելու։ Պետք է այնպես անել, որ այս գործն ինչքան երկարի, ծանր բեռ դառնա Բելառուսի և Բաքվի համար»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։