Ինչու է թանկացել բենզինը
Բենզինի գնի բարձրացման պատճառների վերաբերյալ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը գրավոր տեղեկատվություն է պահանջել Հայաստանի խոշոր տնտեսավարողներից ու համապատասխան պետական մարմիններից:
Հանձնաժողովի նախագահի խորհրդական Գայանե Սահակյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ իրավիճակին հիմա հստակ գնահատական տալ հնարավոր չէ, քանի որ ուսումնասիրությունները դեռ ընթացքի մեջ են: Հանձնաժողովը սկսել է հետազոտություն իրականացնել անմիջապես նույն օրը` գրավոր ձևով դիմելով բենզին ներկրող և իրացնող խոշոր տնտեսավարողներին` հասկանալու, թե ինչ է փոխվել գնագոյացման շուկայում:
Հանձնաժողովը հետազոտությունն իրականացնում է բացառապես փաստաթղթային տեղեկատվության հիման վրա, հետևապես՝ տեղեկատվություն կստանան ինչպես տնտեսավարողներից, այնպես էլ համապատասխան պետական պատկան մարմիններից: Բենզինի գնի վրա ազդող գործոնները բազմաթիվ են` տարադրամի փոխարժեք, միջազգային գներ: Հետևաբար` հանձնաժողովի մասնագետներն ուսումնասիրում են նաև այն երկրների շուկան, որտեղից ներկրվում է բենզինը: Ամբողջը համադրելով միայն` մասնագետները կկարողանան վերջնական գնահատական տալ ստեղծված իրավիճակին:
Հանձնաժողովի նախագահի հանձնարարականով` սեղմ ժամկետում կավարտվի ուսումնասիրությունը` նկատի ունենալով շուկայի կարևորությունը: Ուսումնասիրության արդյունքները, հավանաբար, պարզ կլինեն մյուս շաբաթ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Ran-oil ՍՊԸ-ի տնօրեն Սամվել Բաղդասարյանն ասաց, որ գները սահմանվում են միջազգային բորսայում, և բարձրացումը միջազգային գների բարձրացման արդյունք է, սակայն, քանի որ Ran-Oil-ը ներկրող չէ, մանրամասներ հաղորդել չկարողացավ:
«Արմենպրես»-ը նաև փորձեց կապ հաստատել հայաստանյան շուկա բենզին ներկրող «Ֆլեշ» և «ՍԻ ՓԻ ԷՍ» ՍՊԸ-ների հետ, սակայն բազմաթիվ զանգերն ու հարցերն այդպես էլ պատասխան չստացան:
Նախորդ տարվա հոկտեմբերից արձանագրվել էր բենզինի գնի նվազում` մեկ լիտրը 380 դրամից դարձել էր 330` աստիճանական նվազմամբ: Մինչև հունվարի 28-29-ը գինը պահպանվել էր, որից հետո նկատվեց 10 դրամով բարձրացում, իսկ փետրվարի 1-ից բենզինի մեկ լիտրը վաճառվում է 360 դրամով:
Աննա Գրիգորյան