Պետական բյուջեի ծախսերն ու եկամուտները 2016 թվականին

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2016 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների մանրամասն մակրոտնտեսական ցուցանիշները։ Մենք առանձնացրել ենք պետական բյուջեի եկամուտներին և ծախսերին վերաբերող տվյալները` հասկանալու համար` ինչ էր նախատեսված 2016թ. պետական բյուջեով, և ինչ ունեցանք փաստացի։

Սկսենք բյուջեի եկամուտներից։ 2016 թվականի պետբյուջեի մասին օրենքով նախատեսվում էր ունենալ 1 տրիլիոն 186.2 մլրդ դրամի բյուջետային եկամուտներ։ Փաստացի 2016 թվականին ՀՀ պետական բյուջեի եկամուտների չափը կազմել է 1 տրիլիոն 155 մլրդ դրամ։ Այսինքն, 2016 թվականին Հայաստանի պետական բյուջեն ունեցել է նախատեսվածից 31.2 մլրդ դրամով քիչ եկամուտ։

Ծախսերի դեպքում հակառակն է` ծախսվել է նախատեսվածից 50.5 մլրդ դրամով ավելի շատ։ Այսպես, ըստ բյուջեի, նախատեսվում էր 1 տրիլիոն 377 մլրդ դրամի ծախս, սակայն ծախսվել է փաստացի 1 մլրդ 427.5 մլրդ դրամ։ Սա նշանակում է, որ բյուջեի պակասուրդը նույնպես ավելի մեծ է եղել, քան նախատեսվում էր։ Այսպես, ըստ բյուջեի` 2016 թվականին պակասուրդը պետք է կազմեր 190.7 մլրդ դրամ, որից 68.1 մլրդ դրամը պետք է ֆինանսավորվեր ներքին աղբյուրներից (ներքին պարտքի հաշվին), 122.6 մլրդ դրամը` արտաքին աղբյուրներից։

Ըստ պաշտոնական վիճակագրության տվյալների` պետական բյուջեի պակասուրդը 2016թ. կազմել է 272.5 մլրդ դրամ։ Այսինքն` նախատեսվածից շուրջ 82 մլրդ դրամով ավելի դեֆիցիտով ենք փակել նախորդ տարին։ Իսկ ինչի՞ հաշվին է լրացվել այդ ավելցուկային դեֆիցիտը։ Ներքին աղբյուրների հաշվին ֆինանսավորվել է փաստացի 89.3 մլրդ դրամ (նախատեսվածից 21.3 մլրդ դրամով շատ), իսկ արտաքին աղբյուրներից` 183.1 մլրդ դրամ (նախատեսվածից 60.5 մլրդ դրամով շատ)։ Այսինքն, բյուջեի` նախատեսվածից մեծ պակասուրդի պատճառով աճել է թե՛ ներքին, թե՛ արտաքին պետական պարտքը։ Բյուջեի ընդհանուր եկամուտների 97,7%-ը հարկային եկամուտներն են։ 2016-ին փաստացի հավաքագրվել է 1 տրիլիոն 79.7 մլրդ դրամի հարկեր և տուրքեր` բյուջեով նախատեսված 1 տրիլիոն 129 մլրդ դրամի դիմաց։ Այսինքն` հավաքագրվել է շուրջ 50 մլրդ դրամով պակաս հարկ։

2015թ. համեմատ` բացարձակ առումով ամենից շատ` 32.8 մլրդ դրամով պակասել է ավելացված արժեքի հարկը։ Չնայած ԱԱՀ-ի գծով մուտքերի 7.7%-անոց նվազմանը` այս հարկատեսակի գծով մուտքերը շարունակում են մնալ բյուջեի համալրման ամենամեծ աղբյուրը։ 2016-ին պետբյուջե է մուտքագրվել 391.1 մլրդ դրամի ԱԱՀ, որը կազմում է ընդհանուր հարկային մուտքերի 32.22%-ը։ Մաքսատուրքի գծով մուտքերը նվազել են մոտ 10%-ով` 2015 թվականի 61.5 մլրդ դրամի դիմաց` կազմելով 55.4 մլրդ դրամ։

Զգալիորեն նվազել են նաև բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի պահպանման համար վճարները` շուրջ 16%-ով։ 2016-ին պետբյուջե է մուտքագրվել 27.4 մլրդ դրամ բնօգտագործման վճար` նախորդ տարվա ցուցանիշից 15.9%-ով պակաս։ Այլ հարկատեսակների գծով 2016-ին գրանցվել է հարկերի աճ։ Ակցիզային հարկի գծով մուտքերն աճել են 22%-ով և կազմել 59.7 մլրդ դրամ, շահութահարկի մուտքերն աճել են 22.7%-ով և կազմել 127.2 մլրդ դրամ, իսկ եկամտային հարկի գծով մուտքերը գրանցել են 6.7% աճ (332.7 մլրդ դրամ)։

Ինչ վերաբերում է պետական բյուջեի ծախսերին, ապա ընթացիկ ծախսերը 2016թ.` 2015-ի համեմատ, աճել են 3.3%-ով։

Ծախսային ամենամեծ հոդվածը սոցիալական նպաստներն ու կենսաթոշակներն են։ 2016 թվականին այս ուղղությամբ ծախսվել 405.2 մլրդ դրամ` 3.6%-ով շատ, քան 2015-ին։ Աշխատավարձի գծով ծախսը մնացել է գրեթե անփոփոխ` 142.4 մլրդ դրամ (0.8% աճ)։

Մնացած ուղղություններով բյուջեի ծախսերն աճել են` տարբեր չափերով։ Պետական պարտքի տոկոսավճարների գծով ծախսն աճել է 32.7%-ով և կազմել 98.3 մլրդ դրամ։ Այդ թվում` ներքին տոկոսավճարներն աճել են 30.6%-ով և կազմել 42 մլրդ դրամ, իսկ արտաքին տոկոսավճարներն աճել են 34.2%-ով և կազմել 56.2 մլրդ դրամ։ Իսկ սուբսիդիաների գծով ծախսն աճել է 4.6 անգամ։ Սուբսիդիաներին 2016 թվականին ուղղվել է 120.8 մլրդ դրամ` նախորդ տարվա 32.9 մլրդի դիմաց։

Ծախսերի մեջ նվազում գրանցած միակ ուղղությունը, որը միանգամից աչքի է զարնում, ծառայությունների և ապրանքների ձեռքբերումն է։ 2016-ին այս նպատակով ծախսվել է 161.1 մլրդ դրամ, ինչը մոտ 97 մլրդ դրամով կամ 37.6%-ով քիչ է նախորդ տարվա ցուցանիշից։ Սա, ինչպես ասում են, ծախսերի տնտեսագիտական դասակարգումն էր։ Սակայն բյուջեի ծախսերի մասին ավելի ամբողջական պատկերացում կազմելու համար պետք է դիտարկել նաև ծախսերի գործառնական դասակարգումը, որը ցույց է տալիս ծախսերի բաշխումը` ըստ ոլորտների։ 11 ոլորտներից 7-ի դեպքում բյուջեի ծախսերը 2016-ին նվազել են։

Ամենից շատ` 18.2%-ով, նվազել են բնակարանային շինարարության և ծառայությունների գծով ծախսերը` կազմելով 16.3 մլրդ դրամ։ Իսկ ամենից շատ` 10.7%-ով, աճել են ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով ծախսերը։ Պաշտպանության ոլորտին ուղղված ծախսերը 2016թ. աճել են 6.7%-ով և կազմել 211.8 մլրդ դրամ։

Տեսանյութեր

Լրահոս