Բաժիններ՝

««Ինձ ասաց. «Բայց, դու ինչ տականքն ես»». Մհեր Մկրտչյան

«Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմն արդեն մեծ էկրաններին է: Ֆիլմի պրեմիերայի մասին «168 Ժամն» արդեն տեղեկացրել էր: Ֆիլմի փակ ցուցադրությանը հաջորդած ասուլիսը բավականին ակտիվ էր և լի հումորով: Դեռևս ֆիլմի անմիջական ազդեցության հետևանքով լրագրողների առաջին հարցերը երբեմն քննադատական նոտաներ էին պարունակում, սակայն ընդհանուր առմամբ զրույցը բավականին հետաքրքիր և անկեղծ ստացվեց: Հարցերին մեծամասամբ պատասխանում էր ֆիլմի ռեժիսոր Մհեր Մկրտչյանը:

– Ո՞րն էր «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի մեսիջը:

– Ես պատրաստ եմ պատասխանել ձեր բոլոր հարցերին, բացի՝ «ո՞րն է ֆիլմի մեսիջը» հարցից: Անկեղծ՝ չգիտեմ: Ես չունեմ այդ հարցի պատասխանը:

– Ի սկզբանե որոշվա՞ծ էր, որ ապրիլյան քառօրյա պատերազմի դեպքերը լինելու են ֆիլմում:

Կարդացեք նաև

– Ես երբեք չեմ ասել, որ ֆիլմն ապրիլյան պատերազմի մասին է: Ֆիլմը հերոսների մասին է:

– Այս Ֆիլմը զուտ հայկական շրջանակի համա՞ր է, թե՞ փառատոնային չափանիշերով ֆիլմ է և կարելի է տանել նաև փառատոների:

– Մենք ֆիլմը նկարել ենք հայ հանդիսատեսի համար:

– Ասում են, որ անգամ «Օսկարի» եք ուզում ֆիլմը ներկայացնել:

– Մենք չգիտենք այդ մասին: Կցանկանայինք լինել օրիգինալ և նկարահանել հայկական ֆիլմեր, որոնք չեն նկարահանվում «Օսկարի» համար:

– Արդյոք իրականության հետ հակասության մեջ չէ՞  Ձեր ֆիլմի հերոսը՝ օլիգարխ, որի որդին ինքնակամ մեկնում է ծառայության, այն էլ՝ հատուկջոկատայինների մոտ:

– Պատասխան հարց տամ ձեզ՝ դուք կցանկանայի՞ք, որ մեր երկրում գոնե մեկ նմանօրինակ օլիգարխ լիներ, որի տղան ինքնակամ ծառայում է Հատուկ ջոկատում:

– Արդյոք հանդիսատեսը կներե՞ր Ձեզ երկրորդ հերոսի մահը ֆիլմում:

– Երբ «Շարմ» ընկերությունում առաջին անգամ նայում էինք ֆիլմը, ձայնագրման ռեժիսորներից մեկը, ով դեռ չգիտեր, թե ինչպես է ավարտվում ֆիլմը, սև էկրանի րոպեների ժամանակ ինձ ասաց. «Բայց դու ինչ տականքն ես»…

– Սեփական ֆիլմում Հիչքոկի ոճով՝ մի ակնթարթ կադրում երևալն ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Երբ նկարահանում էինք այդ տեսարանը՝ խանութի մոտ, օպերատորը սկսեց գոռալ, որ կադրը դատարկ է: Պետք էր շատ արագ կամ ինչ-որ մեկին գտնել, կամ ես անցնեի կադրով: Ես անցա:

– Գաղտնիք չէ, որ առաջին ֆիլմն անչափ հաջողված էր և սիրված: Չկա՞ր մտավախություն, որ երկրորդ ֆիլմը կարող է բարդ ընկալվել առաջինի հաջողությունից հետո:

– Պատասխանեմ անկեղծ՝ մտավախություն կա մինչ այս պահը:

– Առաջին ֆիլմի բացահայտումը բոլորիս մինչ այդ անհայտ դերասան Սամվել Թադևոսյանն էր: Ո՞վ է այս ֆիլմում Ձեզ համար հանդիսանում բացահայտում:

– Այդ հարցին ոչ թե ռեժիսորը պետք է պատասխանի, այլ՝ հանդիսատեսը: Առաջին ֆիլմը նկարահանելիս ես ի՞նչ իմանայի, որ Տիգրանի կերպարն այդչափ կսիրվի: Ֆիլմը նկարելիս և՛ ռեժիսորը, և՛ օպերատորները, և՛ դերասանները, բոլորը փորձում են անել հնարավորիս լավագույնը: Բարդ է կանխագուշակել, թե ինչ կստացվի վերջում: Ես կուզեի, որ ֆիլմը դիտելուց հետո ինչ-որ մարդկանց մոտ ինչ-որ բան փոխվեր: Սակայն ֆիլմը հանդիսատեսին հանձնելուց հետո սկսում է ապրել իր կյանքով: Երբեք չես կարող նախապես իմանալ, թե ինչպիսին կլինի արձագանքը, կսիրվի՞, թե՞ ոչ: Մեծամիտ են և կեղծ այն ռեժիսորները, ովքեր համոզված են, թե իրենց ֆիլմը հաջողություն կունենա:

«Շարմ Հոլդինգի» տնօրեն Կարեն Ղազարյանն իր հերթին՝ նշեց, որ այս ֆիլմը պատերազմի մասին չէ, այլ մարդկային ճակատագրերի: Ներկայացնում ենք Կարեն Ղազարյանի հետ հարցուպատասխանը:

– Ինչպես առաջին, այնպես էլ այս ֆիլմը Ղարաբաղի պատերազմի մասին չէ: Այս ֆիլմերն այն մարդկանց մասին են, ովքեր ապրել են այդ ժամանակահատվածում: Այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը պետք է ապրեին խաղաղության մեջ, սակայն, քանի որ սկսվեց պատերազմը, նրանց կյանքը փոխվեց և բոլորովին այլ ընթացք ստացավ: Երբ մենք նկարահանում էինք առաջին ֆիլմը, ապրիլի 2-ն էր և նախատեսված էր, որ պետք է նկարվեր Շուշիի կտորը: Նկարահանող խումբը պատրաստ էր մեկնելու նկարահանման: Սակայն սկսվեց պատերազմը, ու մենք չկարողացանք մեկնել Շուշի: Այդ ժամանակ Մհեր Մկրտչյանի առաջարկով և մեր համաձայնությամբ՝ հասկացանք, որ պետք է նկարել ֆիլմի շարունակությունը:

Ֆիլմ՝ ոչ թե ապրիլյան պատերազմի մասին, այլ՝ այն մասին, որ 25 տարի է անցել, բայց մենք նորից պատերազմի մեջ ենք: Եվ, որ այսօր էլ կան երիտասարդներ, ովքեր կարող են իրենց կյանքն այլ կերպ դասավորել, սակայն փոխարենը՝ նրանք գնում են պատերազմի դաշտ: Ֆիլմը մեր իրականության մասին է: Ապրիլյան պատերազմը ֆիլմում մի կտոր է, որը մեր կյանքում տեղի է ունեցել, որը, սակայն, Աստված մի արասցե, կարող է կրկնվել: Մենք դիտարկում ենք ֆիլմի մեր հերոսին՝ որպես մեր բանակի հավաքական կերպար: Պատահական չէ, ֆիլմը դուրս է գալիս մեր բանակի 25-ամյակի նախօրեին: Մեր բանակը, ինչպես և ֆիլմի մեր հերոսը, չի կարող մահանալ, այն ապրելու է և շարունակելու հզորանալ:

 Դերասանները ևս հայտնեցին ֆիլմի մասին իրենց կարծիքը:

 Բաբկեն Չոբանյան

– Ես սիրել եմ սցենարը, ես սիրել եմ դերը: Ինձ համար հետաքրքիր էր և շատ պատասխանատու այս ֆիլմում խաղալը:

Նարինե Գրիգորյան

– Կարծում եմ՝ բոլորն այս ֆիլմում հիանալի են խաղում, և դա առաջին հերթին՝ ռեժիսորի շնորհքն է: Նա մեզ վարակել էր այս ֆիլմով: Մհերի մոտ անհնար էր վատ խաղալ:

– Գագիկ Մադոյան

– Ես հույս ունեմ, որ իմ բացասական կերպարը հավաքական չէ՝ անհատական է: Շատ լավ ֆինալ էր իմ կերպարի համար, քանի որ իմ քաղաքացիական դիրքորոշումն այլ է:

Թամարա Պետրոսյան

– Ես շատ կցանկանայի՝ կյանքում էլ կարողանալ այդքան արագ և հաջող ամուսնանալ: Շնորհակալություն Մհերին, որ գոնե ֆիլմում ինձ այդ հնարավորությունը տրված է:

Դիաննա Մալենկո

– Մհերը ստեղծել է հրաշալի ֆիլմ, պատմություն, և մենք այդ ամենի մասնիկն ենք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս