Պիտի ապացուցեմ, որ այսպես էլ կարող եմ սովորել. Սարի թաղում աչքը կորցրած Սայաթի երազանքը. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երևանի Սարի թաղում հուլիսի 29-ին ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների ընթացքում ձախ աչքը կորցրած Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի բնակիչ Սայաթ Հարությունյանի ընտանիքը չի ուզում հիշել և վերապրել տեղի ունեցածը, հետևաբար նաև չի ճշտել՝ արդյո՞ք որևէ մեկը պատժվել է 17-ամյա տղային նման ծանր վնասվածք պատճառելու համար:
Հատուկ քննչական ծառայությունն էլ, որտեղ հավանաբար գտնվում է այս դեպքով հարուցված քրգործի վարույթը, չի շտապում այդ մասին տեղեկություն հրապարակել: Մամուլում գրեթե տեղեկություն չկա այն մասին, թե ի՞նչ իրավական ընթացք է ստացել այս դեպքը: Տեղի ունեցածից 6 ամիս անց այսօր փորձեցինք ՀՔԾ-ից ստանալ գործի ընթացքի մասին տեղեկությունը, սակայն այս կառույցի նորանշանակ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը աշխատանքային օրվա ավարտին պատասխանեց, որ չի կարողացել խոսել գործով քննիչի հետ և տեղեկությունը ճշտել: Նա խոստացավ այդ մասին մեզ տեղեկություն հաղորդել երկուշաբթի:
Մինչ այդ փորձեցինք զրուցել Սայաթի հետ, սակայն նա դպրոցում պատրաստվում էր Բանակի օրվա առիթով կազմակերպված միջոցառմանը: Մեր հարցերին պատասխանեց Սայաթի հայրը՝ Ռոման Հարությունյանը: Նա տեղեկացրեց, որ որդու կյանքը դեպքից հետո չի փոխվել, ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես մինչ այդ պլանավորվել էր՝ միայն մի բացառությամբ. զինվոր դառնալու երազանքը չի իրականանալու: «12-րդ դասարանում է սովորում, դրա հետ մեկտեղ հաճախում է անգլերենի ու մաթեմատիկայի պարապմունքների, ուզում է Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ ընդունվել: Աչքի վիճակը նորմալ է, ժամանակ առ ժամանակ ստուգում ենք: Փառք Աստծո մյուս աչքը վնասված չի, այդ աչքով տեսնում է: Իր ծրագրերից հետ չի մնում: Կարող եմ ասել ավելին՝ կարճ ժամանակում շատ արագ հասունացել է, լրիվ հասուն տղամարդու նման է մտածում: Ասում է՝ ես պիտի սովորեմ, որ բոլորին ապացուցեմ՝ ես կարող եմ այսպես էլ սովորել»,- ասաց Ռոման Հարությունյանը:
– Դա՞ է նրա ամենամեծ երազանքը:
– Միասին երազում էինք նաև իր զինվոր դառնալու մասին: Ես միշտ նպատակ եմ ունեցել, որ զինվորի հայր դառնամ, այն էլ չստացվեց: Ես ու տղաս որոշել էինք բացառություն անել. գյուղում բոլորը զինվոր ճանապարհելիս քեֆ են անում, մենք պիտի հետ վերադառնալուց անեինք: Տղաս ասում էր՝ ես հետ կգամ, նոր քեֆ կանենք: Մի ցուլ է պահել այդ նպատակով: Դե որ այսպես ստացվեց՝ ասել եմ. երբ կուզենաս՝ մորթի:
– Եթե չեմ սխալվում քրեական գործ էր հարուցվել այդ դեպքի առթիվ: Որեւէ նորություն կա՞ գործից:
– Ես այդ գործից բացարձակ ոչ ուզում եմ իմանալ, ոչ էլ նույն բանի միջով անցնել: Մեկ-մեկ քննչականից տեղեկացնում են, որ գործը վարույթի մեջ է և այլն:
– Չե՞ք ուզում իմանալ՝ պատժվող լինելո՞ւ է:
– Որ պատժվող լինի՝ մեզ տեղյակ կպահեն, բայց առայժմ նման նամակ չի եկել. նման դեպքերում նամակ են գրում: Բայց ես իմաստ էլ չեմ գտնում սպասել, որ մեկը պատժվի: Մենք մեր պատիժը կրել ենք արդեն, էլ էական չի…Երեխաս դառավ հաշմանդամ, դրանից մեծ պատի՞ժ: Անմեղ երեխաս դառավ հաշմանդամ, հիմա ում ուզում են պատժեն, չպատժեն, իմ երեխայի աչքը հե՞տ է գալու: Որ իմանամ բողոքելով, ծեծելով, մեկին վնասելով իմ տղայի աչքը կվերականգնեմ՝ ես դա նույն վայրկյանին կանեմ, բայց դա իմաստ չունի: Ինչքան խորանում ենք՝ էնքան երեխան նույն բաների միջով անցնում է: Կտեղեկացնեն՝ կտեղեկացնեն, չէ՝ իրենք գիտեն: Մեր սխալն էր, որ մեր երեխային թողեցինք մենակ գյուղից հասնի Երևան: Թեպետ առաջին անգամը չէր»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։