Զոհասեղանին դրված մատանիների ճակատագիրը
Ապրիլյան պատերազմը մեկ անգամ ևս ապացուցեց հայ ժողովրդի միասնականությունը, ազգային կամքն ու միմյանց նեցուկ լինելու անսահման պատրաստակամությունը:
Նվիրումն ու նվիրատվությունը գերազանցում էին բոլոր սահմանները ու անկախ աշխարհագրական տարածքից՝ արյան կանչը ոտքի էր հանել բոլորին:
Այդ դժվարին օրերին Սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանը հանդես եկավ աշխարհասփյուռ հայությանն ուղղված կոչով՝ միահամուռ կերպպով համախմբվելու հայրենիքի շուրջ… Առաջին արձագանքողներից էր Վիրահայությունը: Թիֆլիսում գործող «Հայարտուն» կրթամշակութային ու երիտասարդության կենտրոնում կազմակերպված հերթական բարեգործական միջոցառման ժամանակ Կարեն և Նատալիա Նանումյանները հայրենիքին նվիրաբերեցին իրենց ավելի քան 20 տարվա համատեղ կյանքը խորհրդանշող ամուսնական մատանիները: Որոշում կայացվեց այդ յուրօրինակ նվերը հանձնել ապրիլյան պատերազմի մասնակից այն զինվորին, ով, դիրքերից վերադառնալով, առաջինը կամուսնանար:
Եվ այդ պարգևին արժանացավ Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի բնակիչ Հարութ Մնացականյանը: Հարութին և Սոնյային հանդիպեցինք իրենց օջախում: Ամեն ինչ սկզբից ու զինվորի կարգապահությամբ. ճակատագրի պարգևածը պատմեցին մեզ Հարութն ու Սոնյան…
«Ինձ համար ամեն ինչ սկսվեց ապրիլի 2-ի գիշերը, երբ հրետանային համազարկի ձայներից արթնացա ու հասկացա. դա հերթական դիվերսիոն գործողությունը չէ: Առավոտյան արդեն գիտեի՝ ինչ է կատարվում: Ապրիլի 2-ին առաջին իսկ խմբերի հետ մեկնեցինք Մարտակերտ՝ Մատաղիս, հետո՝ Թալիշ: Անընդհատ մտածում էի, որ դիրքերից իջնելու պես գնայի Սոնյայենց տուն և մեր տուն բերեի. այլ տարբերակ չունեի»,- «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Հարութ Մնացականյանը:
«Ապրիլի 2-ի վաղ առավոտյան մայրս ինձ արթնացրեց և ասաց, որ Հարութը տանը սպասում է: Զարմացել էի, այդ ժամին չէի սպասում նրան: Ասաց՝ գնում եմ… Անակնկալի եկա, բայց հասկանում էի իրավիճակի ողջ լրջությունը: Նա շտապ հրաժեշտ տվեց և գնաց: Ճիշտն ասած, հարսանեկան արարողության մասին չէի էլ մտածում: Արդեն մտածում էի, որ հենց Հարութը իջնի դիրքերից, մի փոքր միջոցառում կանենք, և ուղղակի գնամ նրանց տուն»-նշել է Սոնյան:
Պլանավորած հարսանիքի օրվա ինքնըստինքյան չեղարկումը, Սոնյայի խոսքով, սպասված երազանքների փշրում չէր: Նա հասկանում էր, որ Հարութը պետք է պաշտպանի հայրենիքը: Իսկ Հարութն իր համեստ ծառայությամբ արդարացրեց ոչ միայն Սոնjայի սպասելիքները…
«Հուլիսի 3-ին նախատեսված էր իմ ու Սոնյայի մկրտման արարողությունը: Մեր հոգևոր կնքահայրն Արցախի պաշտպանության բանակի հոգևոր սպասավոր Սամվել սարկավագ Մկրտչյանն էր: Կնքման արարողությունից հետո նա տեղեկացրեց Վրաստանի հայ բարերարների հետաքրքիր նվիրատվության մասին: Շատ զարմանալի ու անսպասելի էր մեզ համար, երբ իմացանք, որ այդ նվերը մի ընտանիքի ավելի քան քսան տարվա ամուսնական մատանիներ էին: Մենք սիրով համաձայնվեցինք՝ զգալով դրա ողջ պատասխանատվությունը, և մեր մեջ առաջացավ ցանկության անպայման ծանոթանալ մատանիները նվիրած ընտանիքի հետ»,- ասաց Հարութը:
«Երբ Հարութից իմացա այդ մասին, սկզբում շատ հուզվեցի: Ճիշտն ասած, և՛ հպարտ էի, և՛ ուրախ: Զարմացա, թե ինչպես կարող է մարդ 20 տարուց ավել պահած ամուսնական մատանիները՝ ամուսնության այդ սուրբ նշանը, տալ մեկ ուրիշին, այն էլ՝ անծանոթի: Զարմանալի էր նաև այն, որ այդ մատանիները ճիշտ մեր մատի չափսին էին: Ցանկությունը մեծ էր՝ հանդիպելու Նանումյան ընտանիքի հետ»,- ասել է Սոնյան:
Երիտասարդ զույգը խոստովանում է, որ մատանիները ստանալու հենց առաջին պահից նրանք հասկացել են, որ դրանք սովորական զարդեր չեն, այլ ավելի շատ խորհրդանիշ՝ նախկինում հավատարմության ու սիրո, հիմա արդեն՝ հայրենիքի հանդեպ նվիրումի ու խաղաղության:
«Նախօրոք մեր անուններով մատանիներ էինք պատվիրել, բայց մենք այս մատանիներն ենք կրում, որովհետև սրանք ինձ համար ավելի են հոգեհարազատ»,- ասել է Սոնյան:
Հարութի խոսքով՝ մատանիները ստանալու հենց առաջին պահից էլ նա հասկացավ, որ այն զարդ չէ, ավելի շատ խորհրդանիշ է ընտանիքի ամրության, հայրենասիրության ու պայքարի խորհրդանիշ է:
Հարութի և Սոնյայի ամուսնությունից ընդամենը մի քանի շաբաթ հետո տեղի ունեցավ Կարեն և Նատալիա Նանումյանների հետ նրանց առաջին հանդիպումը Ստեփանակերտում:
«Երբ Սամվել սարկավագ Մկրտչյանից իմացանք, որ Կարենը տիկնոջ հետ Արցախ է գալիս, շատ ուրախացանք: Օգոստոս ամիսն էր, երբ Ստեփանակերտում առաջին անգամ հանդիպեցինք նրանց: Շատ տպավորիչ էր: Որոշեցինք հայկական ավանդական տարբերակով նրանց ընդունել մեր օջախում, որը նաև նրանց օջախն է, և որի դռները մշտապես բաց են նրանց առաջ»,- ասել է Հարութը:
Հանդիպումն, առհասարակ, հուզիչ էր Սոնյայի համար: «Ընդհանրապես շատ հեշտ էր նրանց հետ շփվելը, քանի որ նրանք շատ պարզ ու հասարակ մարդիկ էին: Չնայած նրան, որ Նատալիան ազգությամբ ռուս է, բայց նրա մեջ ես տեսա հայ կնոջ տիպար: Մենք շատ հաջողակ ենք, որ նրանց նման մարդկանց հետ ենք ծանոթացել»- հավելել է Սոնյան:
Պսակադրությանը Հարութը եկեղեցի է մտել զինվորական համազգեստով՝ հայի պայքարի ու ապրելու անբաժան խորհուրդը դնելով դրա հիմքում:
«Ապրիլն, անշուշտ, իր ազդեցությունը ունեցել է: Անկախ նրանից՝ պատերազմ է, թե խաղաղություն, հայ ընտանիքը շարունակում է ձևավորվել, հայ երիտասարդը շարունակում է հավատով լեցուն մնալ իր հայրենիքի ապագայի նկատմամբ՝ վստահ լինելով, որ ընտանիքը ևս մի տարբերակ է հայրենիքը կառուցելու, որովհետև այն մեր հայրենիքի, մեր հասարակության բնականոն բջիջն է հանդիսանում»,- ասել է Հարութը:
Երիտասարդ զույգը համոզված է, որ Կարեն և Նատալիա Նանումյանների գեղեցիկ արարքը կարող է ողջ հայ ազգի համար օրինակ հանդիսանալ, որովհետև նրանք սփյուռքում ապրող հայրենանվեր ընտանիքի օրինակելի կերպար են: Պարզվում է՝ այս պատմությունը այսքանով չի ավարտվում, և այն դեռ շարունակություն է ունենալու…
«Առաջին իսկ պահին, երբ ստացանք մատանիները, մենք Սոնյայի հետ մի հարց քննարկեցինք, որ 15-20 տարի հետո, երբ մենք էլ Կարենի և Նատալիայի տարիքին լինենք, մի երիտասարդ հայրենասեր զույգի տանք այս մատանիները: Կարծում եմ՝ դա տրամաբանական շարունակությունը կլինի: Կարենին նույնիսկ ասել եմ, նա մեծ սիրով այդ տարբերակը ընդունեց»,- իր խոսքն այսպես ավարտեց Հարութը: