Գյումրիում բացվել է 10-րդ «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիան
Գյումրիի «Դեպի առաջ» երեխաների զարգացման կենտրոնում բացվել է թվով 10-րդ «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիան:
Գյումրիում տեղակայված լաբորատորիան գործում է անվճար հիմունքներով: Այն համալրված է համակարգիչներով, եռաչափ տպիչով և ռոբոտաշինության դետալներով:
Գյումրիի և հարակից բնակավայրերի երեխաներն այստեղ կստանան ժամանակակից տեխնոլոգիական կրթություն՝ յուրացնելով ռոբոտաշինության և ծրագրավորման ժամանակակից հմտություններ: «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիան ապահովում է նաև պրակտիկ հմտությունների, ստեղծագործականության զարգացում, ստեղծում Հայաստանի բոլոր մարզերի դպրոցականների հետ շփման և աշխատելու արդյունավետ հարթակներ: Երեխաների համար կազմակերպվում են նաև տարբեր խրախուսական մրցույթներ, ճամբարներ, ցուցահանդեսներ և այլն:
«Դեպի առաջ» կենտրոնում հիմնված «ԱրՄաթ» խմբակ-լաբորատորիան հիմնվել է «Փարոս» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Այս լաբորատորիան Գյումրու թվով 10-րդ ինժեներական խմբակն է, իսկ Շիրակի մարզում՝ 19-րդը:
«ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաներ գործում են ՀՀ-ի և Արցախի 194 դպրոցներում: «Արմաթում» սովորում են արդեն շուրջ 5000 դպրոցականներ: 2016-ին «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներն արժանացել են 2 միջազգային հեղինակավոր մրցանակի: Դրանք են Բրազիլիայում կայացած ՏՏ համաշխարհային համաժողովի WITSA Global Excellence Award մրցանակաբաշխության «Կայուն զարգացման» և Թբիլիսիում կայացած GITI-2016 տարածաշրջանային ՏՏ միջոցառման մրցանակաբաշխության «ՏՏ կրթության լավագույն մատակարարի» տիտղոսները (The best provider of IT education):
Հավելենք, որ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների և ձեռնարկությունների միությունը Հայաստանում, ներառյալ՝ Արցախում, տեխնոլոգիական կրթության և համայնքային զարգացման համար ՀՀ կառավարության հետ իրականացնում է «ՀՀ հանրակրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների ներդրման» ծրագիրը: Ինժեներական լաբորատորիաներն առաջնահերթ տեղադրվում են մարզերում և գյուղերում: Միությունը ծրագրում է «ԱրՄաթ» լաբորատորիաներ հիմնել ՀՀ բոլոր դպրոցներում:
Սիրարփի Աղաբաբյան