«Մեր հարկերից պատրաստված զինվորական համազգեստն այն որակի պատրաստեք, որ դիմացկուն լինի». Թևան Պողոսյան
«Հայաստանում մարդու իրավունքները որևէ տեղ պաշտպանված չեն, ինչո՞ւ ենք մտածում, որ պետք է բանակում պաշտպանված լինեն: Համալսարանում, մանկապարտեզում, դպրոցում, փողոցում պաշտպանված է, միայն բանակի՞ խնդիրն է: Բանակում բոլոր խախտումները շատ ժամանակ կապված են ոչ իրազեկված լինելու հետ, և հուսով եմ, որ կրթական մակարդակը կբարձրանա, ու 18 տարեկան տղաները, որոնք գնում են բանակ, կիմանան իրենց իրավունքները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով բանակում եղած խնդիրներին՝ զինծառայողների իրավունքների պաշտպանությանը՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի դատական համակարգի վատ վիճակը ևս իր ազդեցությունն է ունենում բանակի վրա. «Կա նաև ոստիկանական-քննչական համակարգի խնդիրը. ռազմական ոստիկանները սովորական ոստիկանական կրթություն ստացած անձինք են, որոնք կարող են կիրառել ոստիկանական մեթոդներ, և խոշտանգումների ու քննությունների գործիքները որևէ բանով չեն տարբերվում իրարից: Կա նաև սպայական կազմի խնդիրը: Հիմա սպաների մեծ մասը գալիս են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտից, իսկ այնտեղի բարքերի մասին երևի չխոսենք»:
Հետևաբար՝ պատգամավորը կարծում է, որ այս իրավիճակում փոփոխությունների կհասնենք միայն համակարգված փոփոխություններ ունենալու դեպքում. «Եթե այսօր առանձնացնենք Հայաստանի խաղաղապահ ուժերին, որտեղ միջազգային փորձառությունն է, ապա լրիվ այլ մակարդակ է: Իսկ մեզ մոտ ունենք այն, ինչ ունենք: Մենք կարող ենք շատ արհեստական ինստիտուտներ ներմուծել, որոնք ոչ մի օգուտ չեն բերելու: Երեխաները բանակ են տանելու փողոցային բարքերը, սպաները՝ փողոցի ու Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կիսագաղութային բարքերը, և դրանից ունենալու ենք ներկայիս վիճակը»:
Նա նաև հավելեց, որ, երբ նախկինում զորամասերն ունեին իրենց առանձին մեկուսարանները, որտեղ զինվորները պատիժ էին կրում, զինվորը գտնվում էր նույն զորամասի միջավայրում, իսկ հիմա, երբ տանում են ՔԿՀ-ներ, ըստ պատգամավորի՝ ցանկացած 18 տարեկան երեխա, որ մտնում է ՔԿՀ, այնտեղի բոլոր բարքերն ու կարգավիճակները տանում է զորամաս:
Պատգամավորի խոսքով՝ այս ամբողջ խնդիրների մեջ, եթե համակարգային լուծումներ չգտնվեն, ապա ունենալու ենք այս ամենի կրկնությունները:
Նա անդրադարձավ զինվորական հագուստի և կոշիկի խնդրին. «Պետությունն իր պոզիտիվ պարտականությունը կատարում է. չկա մի զինվորական, որին համազգեստ չտան, կոշիկ չտան: Բայց, օրինակ՝ կոշիկը կարող է ընդամենը մեկ շաբաթ դիմանալ, իսկ այն տրվում է տարին երկու անգամ: Համազգեստը ևս տարին երկու անգամ են տալիս:
Ներքնաշորերը շաբաթը մեկ անգամ պետք է տային, բայց մարդիկ կարող է երկրորդ օրը խնդիր են ունենում: Ծնողները ստիպված ավելի դիմացկուն կամ նույն տեսակի կոշիկներ, համազգեստ են գնում՝ ուղարկում իրենց զինվորներին: Հիմա այս ուղղությամբ աշխատանքներ կատարվում են, իսկ թե ինչ արդյունքի կհասնենք, դա այլ խնդիր է: Մեր հարկերից պատրաստված զինվորական համազգեստն այն որակի պատրաստեք, որ դիմացկուն լինի: Բայց եթե դու պետք է տաս, իսկ մեկ ամիս հետո ծնողը գնի և ուղարկի, այդ ժամանակ խնդիր է առաջանում»: