Փոխե՞լ, թե՞ չփոխել ընտրության օրը. «Վեճի լուծումը Սահմանադրական դատարանում է»
Առաջիկա խորհրդարանական ընտրությունների անցկացմանը օրն ապրիլի 2-ին նշանակելու հարցը լայն քննադատությունների տեղիք է տվել։ Հարցը քննարկվում է 2 հարթությամբ` բարոյական և իրավական տեսանկյունից։
Նախ` անցած տարի ապրիլյան պատերազմը սկսվեց հենց ամսի 2-ին, և զոհերի հիշատակը հարգելու պահանջը լիովին տեղին է, իսկ ընտրությունների օրը ժողովրդավար երկրներում տոն է համարվում։ Ըստ այդմ` ՀԱԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ` փաստելով, որ այդ օրն ավանդական արարողությունների օր է` զոհվածների հարազատների ու մտերիմների, և հիշատակի օր` ողջ հայ ժողովրդի համար, ու նաև պահանջել` հարգել հերոսների մահվան առաջին տարելիցը և ընտրությունների օրը նշանակել գործող Սահմանադրության անցումային դրույթների 209 հոդվածով նախատեսված` նախկին Սահմանադրության 68 հոդվածի պահանջներին համապատասխան, այն է` ապրիլի 21-30-ի միջակայքում:
Խնդրի իրավական կողմը բարձրաձայնել էր «Համախմբում» կուսակցության վարչության անդամ, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը։ Ըստ նրա` Ընտրական օրենսգրքում հաշվի չեն առնվել Սահմանադրության անցումային դրույթները, համաձայն որի` առաջիկա խորհրդարանական ընտրությունները պետք է նշանակվեին` առաջնորդվելով ոչ թե Ընտրական օրենսգրքով, այլ Սահմանադրության անցումային դրույթներով, որոնց համաձայն` ԱԺ առաջիկա ընտրությունները կարող էին նշանակվել ոչ թե հաջորդ գումարման նստաշրջանի բացման օրվանից 60 օր առաջ, այլ ամենաշուտը 40 օր առաջ:
ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը 168.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ սահմանված է, որ ընտրության օրը նշանակվում է նախագահի հրամանագրով, ենթաօրենսդրական ակտերը պետք է հիմնվեն օրենքների վրա և չեն կարող հակասել օրենքներին, իսկ Ընտրական օրենսգրքով սահմանված է Ազգային ժողովի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 60, և ոչ ուշ, քան 50 օր առաջ, հետևաբար` այդտեղ ԸՕ-ի և նախագահի հրամանագրի մեջ որևէ հակասություն չկա։
Սահմանադրության հետ կապված խնդրի առկայության մասին պնդումներին անդրադառնալով` Հ.Սահակյանը նշեց, որ որպես այդպիսին, խնդիր չկա. «Եթե տեսակետների լուրջ տարբերություն է, դրա լուծումը կարող է տալ բացառապես միայն մեկ մարմին` Սահմանադրական դատարանը։ Էլինար Վարդանյանն ունի իր տեսակետը, ես` այլ, մեկ այլ իրավաբան` այլ»։
Թե ե՞րբ է որոշվել, որ հենց ապրիլի 2-ը պետք է լինի ընտրության օրը` Հ.Սահակյանը դժվարացավ ասել։
Ընտրության օրը որոշում և նշանակում է ՀՀ նախագահը` հրամանագրով։ Եվ, բնականաբար, այդ որոշումը չէր կարող կայացվել ապրիլյան պատերազմից առաջ։ Իսկ թե ինչո՞ւ հաշվի չի առնվել հարցի առնվազն բարոյական կողմն ու ընտրությունների օրը նշանակվել է հենց ապրիլի 2-ին, և ոչ թե` 10-ին կամ 12-ին, պարզ չէ։ Հ.Սահակյանը հորդորեց ապրիլյան պատերազմի հետ կապված բարոյահոգեբանական կողմը քաղաքականության հետ չխառնել։
«Մենք պետք է հասկանանք, որ չպետք է քաղաքականության մեջ մտցնենք և քաղաքական քննարկման առարկա դարձնենք բարոյահոգեբանական որևէ խնդիր։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ընտրական պրոցեսներն ընթանան ավելի համահունչ և վստահության մթնոլորտի ներքո։ Իսկ այդ շահարկումներն այն դաշտից են, որ մեր ազգաբնակչության հուզական խնդիրները բերեն քաղաքականության մեջ քննարկեն, որը, չեմ կարծում, որ ճիշտ է»,- ասաց Սահակյանը։
Ընտրության օրվա փոփոխության հարց իշխանությունն այլևս չի քննարկի։ Հ. Սահակյանի խոսքով` նախագահն արդեն ստորագրել է հրամանագիրը, և, եթե կան այլ կարծիքներ, պետք է դիմել Սահմանադրական դատարան. «Այդ վեճի լուծումը Սահմանադրական դատարանում է»։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը, զգայական հույզերը մի կողմ թողնելով, նշեց, որ ապրիլի 2-ի ընտրության ժամանակ սահմանադրական նորմը ճիշտ չի կիրառվել, և այդ օրը չէր կարող լինել ընտրության օր.
«Կիրառվել է նոր Սահմանադրության 91-րդ հոդվածը և ընտրությունների օր է նշանակվել ոչ շուտ քան 60, ոչ ուշ քան 50 օր հաշվարկով, մինչդեռ նոր Սահմանադրության այդ հոդվածը դեռևս ուժի մեջ չի մտել, հետևաբար` պետք էր առաջնորդվել գործող Սահմանադրության 68-րդ հոդվածով, որը սահմանում է, որ ընտրությունն անցկացվում է ոչ շուտ, քան 40, և ոչ ուշ, քան 30 օր առաջ։
Եվ, ելնելով նրանից, որ ԱԺ-ի 5-րդ գումարման առաջին նիստը կայացել է մայիսի 31-ին, հետևաբար` ընտրությունների օր կարող էր սահմանվել ապրիլի 22-մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածը։ Խնդիրն ավելի շատ վերաբերում է նրան, որ կան անցումային դրույթներ, և պետք էր առաջնորդվել նոր Սահմանադրության 209 հոդվածով, ըստ որի` ԱԺ ընտրությունների նշանակման համար դեռևս գործում է հին Սահմանադրության 68-րդ հոդվածը։
Այդ 209 հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով հստակ սահմանված է, որ նոր Սահմանադրության համապատասխան հոդվածները դեռևս ուժի մեջ չեն մտնում, և այս ԱԺ-ի ընտրության օր պետք է նշանակվեր հին Սահմանադրության կարգավորումներով»։
Հարցին, այդ դեպքում ինչո՞ւ են իշխանությունները շտապել և ապրիլի 2-ին նշանակել ընտրությունները, Հ. Տիգրանյանը դժվարացավ պատասխանել։ Նա նշեց, որ հաշվարկը զուտ իրավական ակտի դրույթներից է բխում. «Ապրիլի 2-ը համընկնում է նոր Սահմանադրության 91-րդ հոդվածով առավելագույն ժամկետի հետ` ոչ շուտ, քան 60 օր առաջ, այսինքն` ապրիլի 2-ը հենց 60-րդ օրն է` ամենաշուտ հնարավոր առաջին օրը։ Ընդ որում` 50 և 60 օրվա ինտերվալում դա կարղ էր լինել ապրիլի 2-12-ը, այսինքն` կարող էին նշանակել հաջորդ կիրակի` ապրիլի 9-ին, կամ որևէ աշխատանքային օր»։
ԹԻ իրավախորհրդատուի խոսքով` ԱԺ ընտրությունների օրը կարելի է փոխել մի քանի տարբերակով, այդ թվում` իրավական ակտն ընդունողը կարող է անձամբ վերացնել այն, կամ էլ պատգամավորները կարող են դիմել Սահմանադրական դատարան։
ՍԴ դիմելու հարցը ներկայումս ուսումնասիրում են ՀԱԿ-ի իրավաբանները։ Իսկ թե ի՞նչ է այդ մասին մտածում Է.Վարդանյանը, հայտնի չէ, նրա հետ կապ հաստատել մեզ ոչ մի կերպ չհաջողվեց։ «Համախմբումից» միայն ասացին, թե բաց նամակ են հղել Սերժ Սարգսյանին, և որոշ ժամանակ անց, եթե արձագանք չլինի, թերևս, լրացուցիչ հայտարարությամբ հանդես կգան։