Բաժիններ՝

Կապիտալը ԿԲ պահանջին համապատասխանեցրած ՀՀ բանկերի ցուցանիշները

2014 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ Կենտրոնական բանկը որոշում ընդունեց, որը լուրջ փոփոխություն էր ենթադրում բանկային համակարգի համար։

ԿԲ-ն բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանեց 30 մլրդ դրամ՝ նախկին 5 մլրդ դրամի փոխարեն:

Նոր ստեղծվող բանկերի համար պահանջը ուժի մեջ մտավ արդեն 2015-ի հունվարի 1-ից։

Իսկ գործող բանկերը 2 տարի ժամանակ ստացան՝ կապիտալը համալրելու համար։ Այսինքն, ՀՀ գործող առևտրային բանկերի ընդհանուր կապիտալը 2017թ. հունվարի 1-ի դրությամբ և դրանից հետո պետք է համապատասխաներ նոր պահանջին՝ 30 մլրդ դրամ։

Շուկայում մնացած 17 առևտրային բանկերը օրերս հրապարակեցին 2016 թվականի 4-րդ եռամսյակի հաշվետվությունները, այդ թվում՝ հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ։

Բանկերից 7-ը 2016 թվականի երրորդ եռամսյակի վերջի դրությամբ արդեն համալրել էին կապիտալը և համապատասխանում էին ԿԲ-ի նոր պահանջին։ Մնացածը կապիտալը համալրել են 4-րդ եռամսյակում։

Ինչպես երևում է B4B Pro համակարգի տրամադրած տվյալներից, ընդհանուր կապիտալի մեծությամբ առաջին տեղում Ամերիաբանկն է (81.92 մլրդ դրամ), երկրորդում՝ ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը (48.44 մլրդ դրամ), երրորդում՝ Արդշինբանկը (45.1 մլրդ դրամ)։

Մի կարևոր նկատառում Արցախբանկի ցուցանիշի մասով։ Ըստ հաշվետվության՝ 2016-ի 4-րդ եռամսյակում Արցախբանկի ընդհանուր կապիտալի չափը 17.86 մլրդ դրամ է (պահանջվող 30 մլրդից քիչ)։ Պատճառն այն է, որ բանկը կապիտալը համալրել է դեկտեմբերի 28-ին և ընդհանուր կապիտալի միջինացված ցուցանիշը եռամսյակի համար ցածր թիվ է կազմել։ Արցախբանկից B4B.am-ին տեղեկացրին, որ դեկտեմբերի 31-ի դրությամբ ընդհանուր կապիտալի չափը կազմել է 31.455 մլրդ դրամ։

Ի դեպ, նման հանգամանք կա նաև Յունիբանկի դեպքում։ Հաշվետվության համաձայն՝ 4-րդ եռամսյակում ընդհանուր կապիտալի միջին չափը եղել է 27 մլրդ դրամ, սակայն ծանոթագրության մեջ նշվում է, որ դեկտեմբերի 31-ի դրությամբ այն կազմել է 30.17 մլրդ դրամ։

Հիշեցնենք, որ ԿԲ որոշման ընդունման պահին Հայաստանում գործում էր 21 առևտրային բանկ։ 2015-2016թթ. ընթացքում բանկերի թիվը պակասեց 4-ով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս