«Եթե Կարեն Կարապետյանն անի դա, մենք ծափ կտանք. նա կդառնա մեր Մովսեսը». Ահարոն Ադիբեկյան
«Եթե զրոները միավորվում են, ընդամենը զրո է լինում: Եթե կան ռեսուրսներ, սոցիալական բազա, ազդեցության դաշտ ունեցող կուսակցություններ, որոնք կարողանում են միավորվել, ապա կարող են մրցակցել նրանց հետ, որոնց հավակնությունները բավականին իրատեսական են: Բայց 20 տարվա քաղաքական զարգացումների ընթացքում ես լուրջ դաշինք չեմ տեսել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Ըստ նրա՝ քաղաքականությունը սիրո նման է. պետք է երկկողմանի հրապուրանք լինի. «Այլ ոչ թե մեկին ստիպես, ասես՝ արի իմ դաշինք, թե չէ քո գործերը վատ կգնան, ես քեզ կհետապնդեմ, և այլն: Այդ դաշինքները միանգամից փլուզվում են: Եվ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը նման դաշինքի վրա հենվելու հետևանքն էր: Դաշինքը նման էր ավազի, որի վրա կանգնելն անհնար է: Հետևաբար՝ դաշինք ստեղծելը բավականին լուրջ խնդիր է: Սերժ Սարգսյանն ի սկզբանե ասել է, որ պատրաստ են համագործակցել կոալիցիոն կամ այլ ձևաչափերով, եթե նրանք ուզում են օգնել Հայաստանի խնդիրների լուծման հարցում: Բոլոր կուսակցությունների առաջնորդներն էլ նույն հայտարարությունն անում են: Բայց սկսվում են շուկայական հարաբերությունները, որոնք ոչնչի չեն բերում»:
Ադիբեկյանի խոսքով՝ գաղափարական հիմքը կուսակցությունների համար 5-րդ տեղում է, պետք է լինի խարիզմատիկ դեմք, ռեսուրսներ, ֆինանսներ, կազմակերպչական ջիղ, նոր գաղափարախոսություն: «Հայաստանի համար դա շատ օրինաչափ է, քանի որ ունենք 82 կուսակցություն, և, երբ մենք զննեցինք նրանց քաղաքական ծրագրերը, 90%-ը համընկնում էր, 10%-ում կարող են լինել տարբերություններ: Հայաստանի համար կարևորը դեմքն է. ով է ղեկավարը, ու պատահական չէ, որ քվեաթերթիկներն այդ սկզբունքով են կազմում»:
Սոցիոլոգի կանխատեսմամբ` ապագա խորհրդարանում նոր խաղացողներ կլինեն, բայց միայն երրրոդ դիրքում. «Նորաստեղծ միավորումներն ունեն լուրջ սխալներ, բայց դրանց մասին չեմ ուզում հայտարարել, քանի դեռ վերլուծություն չի արվել: Մենք այնպիսի քաղաքական փուլ ենք անցնում, որի մասին ոչ ոք նույնիսկ չի էլ կռահում: Հիմա հույսերը բևեռված են Կարեն Կարապետյանի վրա, որովհետև հայ ազգը սպասում է իր Մովսեսին, որը կարող է իրեն հանել այս վիճակից և տանել երանելի ափերը: Եվ բոլոր այն դեմքերը, որոնք այդ Մովսեսի դերակատարությանը հավակնում են, միանգամից վստահության քվե են ստանում, բայց հիասթափությունը բավականին մեծ է լինում, օրինակ՝ Տիգրան Սարգսյանի դեպքում: Եթե Կարեն Կարապետյանը կարողանա 5-10 տարում 150 մլրդ դոլար ներդրում բերել Հայաստան, որ կարողանա գոնե 10-15 հատ խոշոր ձեռնարկություն ստեղծել, որի շուրջ ձևավորվի փոքր ու միջին բիզնեսը, մենք ծափ կտանք, նա կդառնա մեր Մովսեսը»: