«Ես հակաամերիկյան էլ կարող եմ լինել». Պարույր Հայրիկյան

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ առաջիկա խորդարանական ընտրություններին ԱԻՄ-ը մասնակցելու է կա՛մ դաշինքով, կա՛մ ընդհանրապես չի մասնակցելու:

«Դաշինքների ձևավորման փուլը թևակոխում է եզրափակիչ փուլ։ Այդ հարցում ԱԻՄ-ը հետևողական է եղել։ Հենց սկզբից մենք ազդարարել ենք, որ Հայաստանի առջև ծառացած խնդիրները համազգային, այսինքն՝ վերկուսակցական համախմբում են պահանջում, և ԱԻՄ-ն ընտրություններ կոչվող միջոցառմանը կգնա կամ դաշինքով, կամ չի գնա»,- հայտարարեց նա:

Հա հիշեցրեց, որ գործող Սահմանադրությամբ՝ հաջորդ ընտրությունները լինելու են միայն 2022 թվականին, և ընդգծեց, որ ևս այսպիսի 5 տարվա դեպքում Հայաստանից ոչինչ չի մնա:

«Մեր միասնությամբ ընտրություններ կոչվող միջոցառումը կարող ենք և պարտավոր ենք իրական ընտրություն դարձնել և հաղթել։ Հիմնական նպատակը ժողովրդավարական՝ քաղաքացիներին պատկանող Հայաստանի ստեղծումը պետք է լինի։ Դրա իրականացման համար անհրաժեշտ է՝ ԱԺ-ում դառնալով հիմնական ուժը, ընթացիկ խնդիրները՝ մարդու իրավունքների, արդարության, ազգային անվտանգության և քաղաքակիրթ աշխարհի հետ հարաբերությունների խորացման շրջանակներում լուծելուն զուգահեռ՝ պետք է չեղարկել Հայաստանում օրինախախտումների ճանապարհով ընդունված հակաժողովրդավարական Սահմանադրությունը, առավելագույնը երկու տարվա ընթացքում ընդունել նորը: Ընդունել իրական ժողովրդավարություն ապահովող Ընտրական օրենսգիրք, և Նոր սահմանադրությամբ ու ընտրական օրենսդրությամբ իրականացնել օրենսդիր և գործադիր իշխանությունների ընտրություններ»,- մասնավորապես ասաց նա՝ ողջունելով նախնական դաշինքների ստեղծման փորձերը և նշելով, որ իրենք մասնակցում են դրանց:

Կարդացեք նաև

Սակայն, ըստ Հայրիկյանի՝ ավելի ընդգրկուն և հաղթական դաշինք է պետք ստեղծել. «Մինչև այսօր ստեղծված դաշինքները մի կուսակցության արժեք էլ չունեն: Ես քաջ գիտակցում եմ, որ չկա որևէ մեկը, որն ավելի շատ բան ունի անելու խորհրդարանում, քան ես և ԱԻՄ-ը, չկա որևէ մեկը կամ որևէ քաղաքական ուժ, որ ավելի շատ իրավունք ունի՝ լինել պառլամենտում, քան ես և ԱԻՄ-ը, բայց անձամբ ես պատրաստ եմ նույնիսկ չմասնակցել այս ընտրություններին, չդնել իմ թեկնածությունը, միայն թե կայանա իսկապես ժողովրդավարական դաշինք»:

Հարցին՝ հիմա որևէ դաշինքի կամ ուժի հետ քննարկումների մասնակցո՞ւմ է, և ո՞ր քաղաքական ուժի հետ երբևէ դաշինքային բանակցությունների մեջ չի մտնի, նա պատասխանեց. «Եթե դաշինքը գաղափարական է, ապա պետք է մեծամտությամբ չտառապի ու դառնա մեկ կուսակցություն: 5 կուսակցություն եթե գաղափարի շուրջ համաձայնության են գալիս, պետք է դառնան 1 կուսակցություն: Մենք առարկայորեն հիմնականում խոսում ենք Սեյրան Օհանյանի և նրա շուրջ հավաքված մարդկանց հետ. իմ հին ընկերներից՝ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Արամ Սարգսյանի հետ: Մյուսներին ուղերձներ հղել ենք, բացի ՀՀԿ-ից, բայց մեր աշխատանքն ուղղակիորեն ընթանում է այդ ուղղությամբ»:

Իսկ այն հարցին, թե դաշինքներ կազմելու հարցում առաջադրո՞ւմ է իր արևմտամետ դիրքորոշումը, և, եթե Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը ռուսամետ դիրքորոշում արտահայտեն, դա կարո՞ղ է ազդել բանակցությունների ու իր հետագա գործունեության վրա, Հայրիկյանն այսպես պատասխանեց. «Եթե ես նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանին, որն ընդգծված ռուսական դիրքորոշում արտահայտեց, անգամ իրեն եմ դիմում, նշանակում է՝ պատրաստ եմ տարաձայնությունները մի կողմ դնել: Սակայն, ազնիվ լինենք, եթե Հայաստանը լինի ժողովրդավարական, անպայման կլինի քաղաքակիրթ աշխարհի կողմը ձգտող պետություն: Ինչ վերաբերում է հակառուսականությանը, ապա ես հակաամերիկյան էլ կարող եմ լինել, եթե տեսնեմ ամերիկյան իմպերիալիզմի դրսևորում:

Այսօր Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ իմպերիալիստական վերաբերմունք ունի, շարքային քաղաքացուն ստիպում է տառապել, և, բնականաբար, դա կլիներ Ռուսաստան թե Ճապոնիա, դրա դեմ պետք էր ընդվզել: Բայց ես բանակցությունների առարկա նման խնդիրները չեմ դարձնում, ինձ համար դա սկզբունքային է, բայց եթե ասում եմ՝ քաղաքակիրթ աշխարհի հետ հարաբերությունների խորացում, մարդու իրավունքների պաշտպանություն, այդ ձևակերպման մեջ արդեն ամեն ինչ ասված է»:

Տեսանյութեր

Լրահոս