
COAF-ին Դի Կապրիոյի նվիրաբերած գումարով Լոռիում կկառուցվի աշխարհում եզակի Սմարթ կենտրոն

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) տարեկան դրամահավաք երեկույթի ժամանակ օսկարակիր դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի կողմից նվիրաբերված 65 հազար դոլարը կծառայի Լոռու մարզում նոր և աշխարհում եզակի Սմարթ կենտրոնի ստեղծմանը:
«Արմենպրես»ի հետ զրույցում «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի մարքեթինգի գծով համակարգող Հասմիկ Սարգսյանն ասաց, որ կենտրոնը կրթական հանգույց է լինելու, որտեղ ոչ ֆորմալ, արտադասարանային եւ մասնագիտական վերապատրաստման ծրագրերի միջոցով մարդիկ հնարավորություն են ստանալու ինքնադրսևորվել հենց իրենց համայնքում և զարգացնել այն:
«Կենտրոնի բացումը տեղի կունենա 2017 թվականի աշնանը: Այն ծառայելու է շրջակա 25ից 30 համայնքներին»,- ասաց նա՝ հավելելով, որ դեկտեմբեր ամսին Նյու Յորքում անցկացված դրամահավաքերեկույթի ընթացքում հանգանակված ողջ հասույթը` 3.1 միլիոն դոլարը ծառայելու է COAF-ի ծրագրերի իրականացմանը: «Դի Կապրիոյի հանգանակած գումարը, որն ավելի շուտ հանգանակվել է աճուրդի ժամանակ, երբ նա գնել է նկար, շարուակելու է ծառայել նույն նպատակին: Մենք փորձելու ենք տարբեր մարզերում իրագործվող մեր ծրագրերը, հարստացնել և ապահովել դրանց շարունակականությունը»,- հավելեց Հասմիկ Սարգսյանը: Նա հիշարժան համարեց հատկապես այն հանգամանքը, որ Լեոնարդո Դի Կապրիոն մասնակցեց աճուրդին, լսեց մի քանի ելույթներ, հետո մեկնեց` դարձյալ ուշադրություն չհրավիրելով սեփական անձի վրա: