«Տարածաշրջանային էներգետիկ համագործակցությունը Հարավ-Հյուսիս առանցքով ջղաձգում է Թուրքիային և Ադրբեջանին». փորձագետ
«Նորմալ պրոցես է գնում, կողմերն իրենց համար փնտրում և ջանում են գտնել ամենանպաստավոր լուծումները։ Կոնկրետ տվյալ վեճը հետևյալն է՝ տրանզիտի համար վերցնել փո՞ղ, թե՞ ֆիքսված որոշակի տոկոս տրանզիտով անցնող գազի ծավալից։ Բացառված չէ այլ կողմերի ներազդեցությունը։ Գաղտնիք չէ, որ տարածաշրջանային էներգետիկ համագործակցությունը Հարավ-Հյուսիս առանցքով ջղաձգում է Թուրքիային և Ադրբեջանին, ուստի բացառված չեն այդ կողմից ճնշումները։ Բայց կարծում եմ, որ դրանք այս պահին որոշիչ չեն»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Հայաստանում էներգետիկ հարցերով Միացյալ Ազգերի Կազմակերպության ազգային փորձագետ Արա Մարջանյանը՝ մեկնաբանելով Վրաստանի տարածքով ռուսական գազի՝ Հայաստան տեղափոխելու համաձայնագրի շուրջ պայմանավորվածության ձգձգումը։
Ըստ նրա՝ ռուս-վրացական այս համաձայնության խնդիրը ֆորմալ առումով կապ չունի Հայաստանի տարածքով իրանական գազը Վրաստան տարանցելու հարցի հետ, բայց բովանդակային առումով այս կամ այն կերպ կապ ունի. «Ուղղակի մանրամասների մասին դժվար է այժմ ինչ-որ եզրակացություններ անել, քանի որ դրանք իրենց ողջ ծավալով խիստ սահմանափակ թվով մարդկանց են հայտնի»։
Հիշեցնենք, որ Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն «Գազպրոմ-Էքսպորտ» ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ բանակցությունները շարունակվում են, քանի որ ռուսական գազի՝ Հայաստան տեղափոխելու համաձայնագիրը դեռ ձեռք չի բերվել:
«Գազպրոմի» ներկայացուցիչներն առաջարկում են ռուսական գազի՝ Հայաստան մատակարարելու դիմաց անցում կատարել ֆինանսական պարգևատրման՝ Վրաստանի տարածքով անցնող գազի 10 %-ի փոխարեն, սակայն այդ առաջարկն անընդունելի է վրացական կողմի համար. նրանք համարում են, որ մոնետիզացիայի առաջարկվող չափը բավարար չէ: Իսկ վրացական կողմն ունի «շատ պարզ» դիրքորոշում առ այն, որ «անգամ ֆինանսական պարգևատրման անցնելու դեպքում երկիրը պետք է ստանա նույն օգուտը, ինչ այն պայմաններում, երբ բնական գազը ստանում էր հումքի տեսքով»: