Բաժիններ՝

Ի՞նչ անել Ամանորից մնացած սնունդը և ի՞նչ ուտել տոներից հետո. Դիետոլոգի խորհուրդները

«Ամանորյա սեղանին այլևս ոչինչ չի մնացել, որը կարելի է ուտել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց սննդաբան, բժիշկ-դիետոլոգ Լիդիա Այվազյանը։

Արդեն հունվարի 5-ն է, ու, եթե հաշվի առնենք, որ մարդիկ դեկտեմբերի 30-ին, 31-ին են սկսում պատրաստությունները, ապա, ըստ նրա, գրեթե ոչինչ սեղանին չի մնացել, որը կարելի է ուտել. «Բոլոր պատրաստված մսեղենը, ձուկը, աղցանները, անգամ առաջին երկու օրվանից հետո արդեն ուտելու չեն, հիմա ընդհանրապես չի կարելի ուտել։ Որպեսզի խուսափեք թունավորումներից, լավ կլինի՝ այսօր արդեն թարմ ուտելիքներ պատրաստել, իսկ մնացած ամեն ինչը բաժին տալ շունիկներին»։

Մենք դիետոլոգից հետաքրքրվեցինք, թե այդ սնունդը, բացի «շունիկներին տալուց», ի՞նչ կարող են անել մարդիկ: Օրինակ, խոզի բուդը, որը գրեթե բոլորի տան սեղաններին կա, միշտ մնում է։ Ի պատասխան՝ Լ. Այվազյանն ասաց. «Խոզի միսը համարվում է ծանր ճարպեր ունեցող միս, և առողջության համար շատ վտանգավոր է մի քանի օր շարունակ մի քանի ժամ սեղանի վրա պահել, այնպես որ, բացարձակ խորհուրդ չեմ տալիս 5-րդ օրն այդ սնունդը փորձել։ Գուցե շատերն ասեն՝ մենք միշտ էլ այդպես ենք արել, բայց մի օր բախտները չի բերի, ու ավելի լավ է ռիսկի չդիմել»։

Մեր այն դիտարկմանը, թե այդ խոզի բուդը, որ մնում է, շատերը կտրատում և տապակում են, դիետոլոգն այսպես արձագանքեց. «Հերիք չի՝ ինքը կալորիական միս է համարվում, մի հատ էլ նրա վրա ճարպ են ավելացնում և տապակում։ Արդեն ուտելու չէ դա։ Հենց առաջին օրն էլ, եթե 5-6 ժամ մնացել է սեղանի վրա, արդեն ուտելու չէ, ուր մնաց 5-րդ օրը, որ այդքան ժամանակ մնացել է սեղաններին ու սառնարանում չի դրվել։ Եթե դա սառնարանում դրվեր, ու միայն ուտելուց բերեին սեղաններին դնեին, դա ուրիշ կլիներ, բայց մենք բոլորս գիտենք, որ շատերի տներում դա առավոտվանից սեղաններին դրված է և երեկոյան ուշ նոր հավաքում են սեղանները, և այդքան ժամանակ այդ ուտեստները մնում են սեղաններին։ Մայոնեզով լցոնված աղցանները 3-4 ժամից ավելի չի կարելի պահել, թթվասերով լցոնված աղցանները հաջորդ օրն անգամ ուտել չի լինի, ուր մնաց՝ 5-րդ օրը»։

Կարդացեք նաև

Խոսելով տոներից հետո օրգանիզմը մաքրելու մասին՝ Լ. Այվազյանն ասաց, որ ճիշտ կլինի նախ անցնել սովորական սննդակարգին։ Նրա խոսքով՝  իրենք խորհուրդ են տալիս մի քանի օր շարունակ գերծանրաբեռնված, հիպերկալորիական ուտեստներ ուտելուց հետո ոչ թե բեռնաթափման օրեր անել,  այլ անցնել իրենց սովորական սննդակարգին։

«Բոլորը կարծում են, որ Նոր տարուց հետո կարելի է շատ խիստ դիետաներ պահել, բեռնաթափման օրեր պահել, որպեսզի օրգանիզմը բեռաթափվի և լավ լինի, բայց դա թյուր կարծիք է։ Օրգանիզմի համար ավելի քիչ սթրես է, եթե հենց շատ ուտելուց հետո մի որոշ ժամանակ անցնեն իրենց սովոր սննդակարգին, հետո նոր մտածեն դիետաների, բեռնաթափումների մասին։

Այսինքն՝ չի կարելի շատ ակտիվ ուտելուց հետո միանգամից սովի մատնել օրգանիզմը և շատ խիստ դիետաներ պահել, դա ամենասխալ բանը կլինի հիմա։ Խորհուրդ կտամ՝ քանի արձակուրդներ են, գոնե շատ ակտիվ անցկացնել արձակուրդների մնացած մասը, որովհետև այս մի քանի տոնական օրերին բոլորը նստակյաց են եղել, լավ կլինի ավելի շատ շարժվելով և էներգիա ծախսելով՝ այդ նյութափոխանակությունն արագացնել և  գերծանրաբեռնվածությունից դուրս գալ»,- նշեց դիետոլոգը։

Նշենք, որ Առողջապահության ազգային ինստիտուտի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի մեծահասակների բաժանմունքի վարիչ Մելանյա Շմավոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս օրերին թունավորման դեպքեր չեն եղել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս