«Անցնող տարին ազդակների տարի էր». Վահան Արծրունի
Անցնող տարին երաժիշտ Վահան Արծրունին մեծ իմաստով դրական չի բնորոշում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպես ամփոփեց 2016 թվականը.
«Կարծում եմ՝ անցնող տարին ազդակների տարի էր՝ թե´ քաղաքական առումով, թե´ միջմարդկային հարաբերությունների մակարդակով: Առհասարակ, իշխանական զանգվածից դեպի հանրություն և դեպի քաղաքացին այդ ուղերձներն ակնհայտ էին, որին համարժեք տարբեր դրսևորումներ մենք ևս տեսանք»:
Ամփոփելով անցնող տարին, Վահան Արծրունին այն դիտարկում է երկու հարթության մեջ, նախ՝ որպես երաժիշտ, արվեստի մարդ, և ապա՝ որպես երկրի քաղաքացի.
«Առաջին դեպքում պետք է արձանագրել մշակութային դաշտի հստակ սեգմենտավորում: Դրանցից մեկը մենք տեսանք նախագահի հետ հանդիպման ժամանակ, թե ինչպես ինքնադրսևորվեցին բյուջեից տարբեր դիստանցիայի վրա գտնվող մշակութային գործիչները: Այստեղ նախագահի ուղերձն ակնհայտ էր: Այսինքն՝ մենք ստեղծում ենք մի տիրույթ, որտեղ համախմբվում են իշխանություններին լոյալ մշակութային գործիչներ, դիտարկում ենք նաև այլ բևեռներ, որտեղ կան մարդիկ, ովքեր որևէ առնչություն չունեն բյուջեի հետ, և նմանապես որևէ սպասելիքներ ևս չունեն դրանից, ինչպես նաև ցանկություն առնչվելու այդ ոլորտների հետ:
Մենք տեսնում ենք նաև իշխանության դրսևորումներն այդ զանգվածի նկատմամբ: Սա ինձ չի զարմացնում, և նորություն չկա այստեղ, պարզապես ինձ համար ուրախալի է, որ այդ ուղերձը հստակ աուդիովիզուալ ձևակերպում ստացավ, այսինքն՝ ռազմական հագուստով մի մարդ հրավիրել է արվեստագետներին և ցույց է տալիս իր կողմից ընդունելի և, ըստ երևույթին, միակ շփման եզրերն ու հարաբերվելու տեսակը»:
Որպես քաղաքացի և երաժիշտ՝ անցնող տարվա հետևություններն այսպես սահմանեց.
«Իմ փորձից ես հասկացա, որ մեզանից յուրաքանչյուրը պաշտպանված չէ այն տեխնոլոգիաներից, որոնք տասնամյակների ընթացքում կիրառվել են սովետական շրջանում, այսինքն՝ ուժային կառույցներից որևէ մեկը ձեզ կարող է հրավիրել սկզբնական տարբերակով՝ զրույցի (այդ տերմինով է քողարկվում հարցաքննություն երևույթը), իսկ ՄԻՊ-ի վերջին վարկածով՝ զրույց և հարցաքննություն հասկացությունները փոխարինվեցին հարցում բառով, որը փաստում է՝ յուրաքանչյուր պետական ատյան կարող է հարցում անցկացնել: Այսինքն, ես պետք է եզրակացնեմ, որ Ազգային անվտանգության ծառայությունում ես հարցման էի մասնակցում՝ սոցիոքաղաքական, ըստ երևույթին: Սա մի կողմից՝ զավեշտալի է, բայց իրականում, երբ խոսքը վերաբերում է քաղաքացու սահմանադրական և տարրական ազատությունների իրավունքներին, ես, համենայն դեպս, շատ լուրջ ու շատ սուր եմ ընդունում, ընկալում և համապատասխան ինքնադրսևորում ցուցաբերում»:
Անցնող տարվա ընթացքում մշակութային գլխավոր իրադարձությունից՝ նոր նախարարի նշանակումից, Վահան Արծրունին սպասելիքներ ունի.
«Նոր նախարարի նկատմամբ շատ մեծ համակրանք ունեմ, բայց մշակութային ոլորտում ընդհանուր դիսպոզիցիաները չեն փոխվել: Դիտարկելով ոլորտը՝ պետք է հասկանալ, թե ի՞նչ փոփոխություններ են իրականացվում, դրանք առհասարակ կա՞ն, թե ո՞չ: Քանի որ մեզ մոտ սեգմենտները բաժանված են, ինչպես արդեն ասացի՝ խիստ արտոնյալ արվեստագետների սեգմենտ, ոչ այնքան արտոնյալ սեգմենտ, երաշխավորվածների սեգմենտ և այլն, ապա, իմ պատկերացմամբ՝ մշակույթի նախարարը պետք է առաջին հերթին՝ ոլորտում հավասար պայմաններ ապահովի հավասարաչափ զարգացման համար»: