«Տարվա ընթացքում էլ այլ գործարաններ կարող եմ գնալ, բոլոր բրենդները գովազդենք»

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսը տեղի ունեցավ «Արմենիա վայն» գործարանում: Այս վայրի ընտրության հարցում նախարարը բացառեց բրենդը գովազդելու նպատակը: Ըստ նրա` խնդիրն այն է, որ ընկերությունը որոշել է հաջորդ տարի Վայոց Ձորում մթերել 700 տոննա խաղող և ֆիքսելու է մինիմալ գին:

Նախարարը մյուս մթերողներն ևս հրավիրեց, որ եթե ուզում են օգնել խաղողագործությանը, պետք է նախապես հայտարարեն, թե ինչ են գնելու և ինչ գնով, իսկ եթե կանխատեսումը չկա, աշխատում են` չհասկանալով, թե ուր են գնում: Ի.Առաքելյանի խոսքով` իր գերակա խնդիրներից է լինելու մթերողների հետ աշխատանքը, այդ ժամանակ պետության համար էլ հեշտ կլինի հասկանալ՝ որտեղ է պետք միջամտել:

Դիտարկմանը, որ գործարանը պատկանում է ԿԳՆ Լևոն Մկրտչյանի եղբորը, Ի.Առաքելյանը հակադարձեց. «Ես և Լևոն Մկրտչյանը կառավաության անդամ ենք, բայց գովազդելու նպատակ չկա: Տարվա ընթացքում էլ այլ գործարաններ կարող եմ գնալ, բոլոր բրենդները գովազդենք: Ակամա շատ լավ բան է ստացվում»:

Անդրադառնալով ոլորտի խնդիրներին` Ի.Առաքելյանը նշեց, որ հանդիպել է ոլորտի ներկայացուցիչների հետ, քննարկել խնդիրները: Նրա խոսքով` այսօրվա ծրագրերը հաջորդ տարվա համար կատարելագործելու են, մշակվելու են մեխանիզմներ, որ կլինեն ի շահ ժողովրդի: Նախարարը նշեց, որ պարարտանյութի սուբսիդավորման հարցում պետք է հասկանան` արդյոք շուկան պատրա՞ստ է ինքնակարգավորվել. «Մեխանիզմ ենք մշակում և այն բոլոր ընկերությունները, որ պատրաստ են պարարտանյութի շուկա մտնել, գարնանը նրանք կգործեն: Միջանկյալ փուլ կլինի, մրցույթ կանցկացնենք և կընտրենք, որպեսզի գյուղացու համար ռիսկեր չլինեն»:

Կարդացեք նաև

Երինջների ծրագիրը, նախարարի կարծիքով, չի կարելի կանգնացնել, այլ պետք է կատարելագործել. «Որոշելու ենք չափորոշիչներ Հայաստանի լավագույն տոհմաբուծարանների համար, ու այն ցեղատեսակները, որ հարմարված են ՀՀ պայմաններին, մասնավորը դրանց երինջները կվաճառի ֆերմերներին, իսկ պետությունը կվարկավորի` խիստ հսկողությամբ: Գյուղատնտեսության նախարարության ուղղվածությունը լինելու է ուժեղագույն մասնավորի հետ մեխանիզմ ստեղծել, որը կբերի ոլորտի զարգացմանը»:

Սերմնաբուծության ոլորտում, ըստ Ի.Առաքելյանի, կապահովեն բարձր որակի սերմերի արտադրությունը, շուկայի պահանջարկից ու վճարունակությունից ելնելով կմշակվեն մեխանիզմներ. «Բյուջեի գումարներն անվերջ չեն, կան վարկեր, որ անհույս են, բայց գյուղացին էլ արդյունք չի ստացել: Պետք է հասցեական լինի պետության աջակցությունը»:

Նախարարը նշեց, որ անմշակ հողերի մշակման ուղղությամբ դոնոր կազմակերպությունների հետ համագործակցելով պետք է ստեղծեն համապատասխան ենթակառուցվածքները, որ ոռոգման ջուր լինի, որպեսզի գյուղացիները կարողնան մշակել, իսկ դրանից հետո չմշակվող հողերի սեփականատերերը կվճարեն հավելյալ հարկ:

Ի.Առաքելյանի խոսքով` գյուղացիական տնտեսություններում մեխանիզացիայի վիճակն անբարվոք է. «Կա՛մ սուբիսդավորելու ենք կանխավճարը, կա՛մ վարկի տոկոսը՝ թույլ տալով, որ մասնավորն ինքն ընտրի, թե ինչ տեխնիկա է գնելու: Կա մի մասնավոր, որ պատրաստ է իր վրա վերցնել ամբողջ տեխնիկայի սպասարկումը»:

Գյուղոլորտի վիճակագրական ցուցանիշների վերաբերյալ նախարարը նշեց, որ հավաքագրման մեթոդոլոգիայի խնդիր է եղել. «Պետք է վերլուծենք ցուցանիշները, որ հասկանանք՝ ուր ենք գնում: Գյուղատնտեսական ցուցնաիշները որ ուռճացված են եղել, այդպես չէ, բայց եթե չկա իրական մթերող ընկերություն, հաշվառելը դժվար է: Անձնական սպառման կամ փչացած բերքը չի ֆիքսվում և չի երևում իրական դաշտում: Հարցն այն է` տնամե՞րձն էլ է մտցվում ցուցանիշներում, թե՞ ոչ: Այն, ինչ սեպտեմբերին մթերվել է, իրական թիվ է: Պետք է ռեեստր վարենք, որի մեջ տնամերձները հարց է` պե՞տք է մտնեն, թե՞ ոչ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս