«Սա դրական զարգացում է». Իրակլի Մենագարիշվիլի
Դեկտեմբերի 21-ին երկօրյա այցով Վրաստանում էր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Հայաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ, Թբիլիսիում կայացած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանի և Լևան Իզորիայի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-վրացական ռազմական համագործակցությունն ու ապագա ծրագրերը։ Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին։
Բանակցություններն ավարտվել են Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության 2017 թվականի ծրագրի ստորագրման արարողությամբ։
Ուշագրավ է, որ այցի նախօրեին ՀՀ ՊՆ նախարարը ծավալուն հարցազրույց էր տվել ռուսական «Լենտա» լրատվական կայքին, որտեղ անդրադարձել էր ինչպես հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերություններին, հայ-ռուսական միացյալ զորախմբին, կովկասյան ՀՕՊ-ին, այնպես էլ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությանը` շեշտելով, որ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությունը հայ-ռուսական հարաբերությունների համար խոչընդոտ չէ։
Սարգսյանը նշել էր, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն այն հարթակն է, որտեղ ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի, ՌԴ-ի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահերը համընկնում են։ Իսկ արդեն Վրաստանում «Ազատության» վրացական ծառայությանը տված հարցազրույցում Սարգսյանն ասել էր, թե ապրիլյան պատերազմի օրերին Հայաստանի և Վրաստանի պաշտպանական ու արտաքին գերատեսչությունների միջև շփումներ են եղել։ «Վրացի գործընկերները շատ անհանգստացած էին, նրանք իրենց ջանքերն են առաջարկել` երկխոսության ուղիներ գտնելու և ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում»,- մասնավորապես ասել է Սարգսյանը։
«Մենք խորապես համոզված ենք, որ հրադադարի հաստատման համաձայնությանն առնչվող բոլոր փաստաթղթերը, որ 1994-95 թվականներին Բաքվի խնդրանքով ստորագրել են Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը, հանդիսանում են անժամկետ փաստաթղթեր, որոնք իրենց իրավական ուժը պահպանում են մինչև հակամարտության խաղաղ կարգավորումը»,- ասել էր Վիգեն Սարգսյանը։
«168 Ժամ»-ի հետ զրույցում, մեկնաբանելով Վիգեն Սարգսյանի այցը Վրաստան, Վրաստանի ԱԳ նախկին նախարար, դիվանագետ Իրակլի Մենագարիշվիլին ասաց, որ նորանշանակ նախարարի համար կարևոր էր այցելել Վրաստան։
«Որքան ես հասկացա, սա Վիգեն Սարգսյանի երկրորդ պաշտոնական այցն էր Ռուսաստանից հետո, որտեղ ստորագրվեց հայ-ռուսական միասնական զորախմբի մասին պայմանագիրը։ Այս հարցը բազմիցս է քննարկվել վրացական փորձագիտական հանրության շրջանակների կողմից, քննարկումներ կային նույնիսկ, որ այն կարող է օգտագործվել Վրաստանի դեմ։ Բնականաբար, սա յուրահատուկ ժեստ էր Վրաստանին, որն ըստ արժանվույն կգնահատվի Վրաստանի իշխանությունների կողմից։
Թվում է, թե այդպես էլ պետք է լիներ, հարևան երկրներն առաջինը միմյանց ուղղությամբ քայլեր կատարեն, սակայն, եթե հաշվի առնենք տարածաշրջանում տիրող իրավիճակը, կարելի էր ենթադրել, որ ՀՀ ՊՆ նախարարը կարող էր խուսափել այցելել Վրաստան և Վրաստանին տրամադրել իր առաջին այցերից մեկը։ Սա դրական զարգացում է, որը ցույց է տալիս, որ անկախ ռուսական կամքից` հայ-վրացական հարաբերություններն ընթանում են իրենց հունով»,- նման տեսակետ հայտնեց Մենագարիշվիլին։
Վերջինիս համոզմամբ` այցի օրակարգում միայն համագործակցության ծրագիրը չի եղել։ Մենագարիշվիլիի վստահեցմամբ` հայկական կողմը, ամենայն հավանականությամբ, որոշ պարզաբանումներ է ներկայացրել Ռուսաստանի հետ ձևավորվող միացյալ զորախմբի գործառույթների վերաբերյալ։
«Երբ հարևան երկրները զարգանում են բոլորովին տարբեր ուղիներով, որոնք ներկայումս նույնիսկ թշնամական դիրքորոշումներ ունեն, պետք է փորձեն չտրվել այդ թշնամանքին` պարզաբանելով հակառակ կողմի մոտ անհանգստություն առաջացնող հարցերը։ Կարծում եմ, նման հարցերից մեկը հայ-ռուսական զորախումբն էր, քանի որ շատ էր խոսվում, որ այն Հայաստանում է լինելու ՆԱՏՕ-ի դեմ, և այլն, և այլն։ Ուստի ավելորդ չէր լինի, որպեսզի հայկական կողմը վստահեցներ, որ այդ խոսակցություններն անհիմն են։ Վստահ եմ` այդպես էլ եղել է»,- ասաց վրացի դիվանագետը։
Նրա համոզմամբ` ապրիլյան պատերազմից հետո ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը, հայկական կողմի դիրքորոշումը պատերազմից հետո, բանակցային գործընթացը ևս քննարկվել է Վրաստանում։ «Վրաստանն այս հարցում ամենաշահագրգիռ կողմերից մեկն է, քանի որ տարածաշրջանի անկայունությունն անկայունություն է Վրաստանի համար։ Վրաստանն ապրիլյան պատերազմի օրերին բանակցությունների հարթակ դառնալու առաջարկ էր արել, իհարկե, դրա իրականացումն անիրատեսական էր` հաշվի առնելով Մինսկի խմբի գործառույթները, այնուամենայնիվ Վրաստանը կիրականացներ նման անաչառ գործառույթներ երկու կողմի ցանկության դեպքում»,- ասաց Իրակլի Մենագարիշվիլին։
Դիվանագետի կարծիքով` Վրաստանը ևս, հաշվի առնելով ռազմական ոլորտում համագործակցությունն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, պարբերաբար պարզաբանումներ է ներկայացնում հայկական կողմին այդ համագործակցության վերաբերյալ։
«Ամենայն հավանականությամբ, այս անգամ ևս խոսվել է այս մասին։ Կարծում եմ` Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարների օրակարգը նույնն է որոշ նրբերանգների փոփոխությամբ։ Ակնհայտ է, որ կողմերն անում են բավարարը, որպեսզի հայ-վրացական հարաբերությունները չտուժեն, բայց այդ ջանքերը կարող են շատ ավելին լինել»,- ասաց Մենագարիշվիլին։