«Սեփական նախաձեռնությամբ սանձազերծված հաջորդ պատե­րազ­մում Ադրբեջանը, հաստատաբար, ևս մի քանի շրջան կկորցնի». Լևոն Տեր-Պետրոսյան

ՀԱԿ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանը իր ելույթի կապակցությամբ հնարավոր, իր իսկ խոսքով՝ «անխու­սափելի չարախոսությունները» կանխելու նպատակով, երկու զգուշացումներ հնչեցրեց.

«Առաջին. Արտաքին սպառնալիքների դիմակայման եւ ներ­քին կայունության ապահովման հարցերում իշխանություններին զորավիգ կանգնելու մեր սկզբունքային դիրքորոշումն ամենեւին վարչախմբի հետ համագործակցություն չի նշանակում։ Մենք եղել ենք վերջինիս ամենախիստ, սկզբունքային ու հետեւո­ղա­կան քննադատն ու այսուհետեւ էլ չենք դադարելու այդպիսին լինել, կտրականապես բացառելով մաս կազմել հայ ժողովրդի գլխին անհամար աղետներ բերած Հանրապետական կուսակ­ցու­թյան ձեւավորած որեւէ կոալիցիայի։ Գաղափարական, քա­ղաքական եւ բարոյական սկզբունքներով մենք միմյանցից բոլո­րովին տարբեր, հակոտնյա կուսակցություններ ենք, որոնց հա­րա­բերությունները իշխանություն-ընդդիմություն ձեւաչափից այն կողմ չեն կարող անցնել։

Եվ երկրորդ. Ադրբեջանի ղեկավարությունը չարաչար սխալ­ված կլինի, եթե այս ելույթի հաշտարար ոգին եւ հայ ժողովրդի խաղաղության ձգտումը թուլության նշան համարի ու ավելի եւս կոշտացնի իր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում։ Ապրիլյան պատերազմը, կարծում եմ, նրան ապացուցած պետք է լինի վտանգի պահին հայ ժողովրդի միավորվելու ու ցանկացած ոտնձգության հուժկու հակահարված հասցնելու կարողությունը։ Սեփական նախաձեռնությամբ սանձազերծված հաջորդ պատե­րազ­մում, երբ էլ այն պատահի, Ադրբեջանը, հաստատաբար, դառը պարտություն կկրի ու եւս մի քանի շրջան կկորցնի։

Իսկ թե դրանից հետո ինչ տեղի կունենա, միայն Աստծուն է հայտնի։ Հակառակ իր ռազմաշունչ հռետորաբանությանը, Իլհամ Ալիեւին ես համարում եմ ռացիոնալ մտածող պետական գործիչ, որն ընդունակ է համաչափ քայլ կատարել խաղաղության հաստատ­ման նաեւ սեփական ժողովրդին խիստ անհրաժեշտ ուղղու­թյամբ, ինչպես ժամանակին իմ «Պատերազմ, թե՞ խաղաղու­թյուն» հոդվածին ընդարձակ ելույթով ողջախոհաբար արձա­գան­քեց իր հայրը՝ հանգուցյալ Հեյդար Ալիեւը։

Պատկերացնում եմ, թե այս ելույթից հետո ինչպիսի վայ­նասուն է բարձրանալու Հայաստանի քաղաքական ու տեղեկա­տվական դաշտում։ Մեզ բախտ է վիճակվելու կրկին ականատես լինել տգիտության, կարճատեսության, պոռոտախոսության շքեղ մի տոնահանդեսի։ Մենք արժանանալու ենք բազմազան մաշ­ված պիտակների, եւ արդեն որերորդ անգամ մեզ գամելու են անարգանքի սյունին, ի հաստատումն հայ քաղաքական մտքի օրիգինալությունը բնորոշող հետեւյալ պարադոքսալ սիլլոգիզմի.

a. Զիջում ես մասը, մյուս մասը կարողանում ես պահպանել.

b. Ոչինչ չես զիջում, կորցնում ես ամեն ինչ.

c. Մասը պահողները հռչակվում են դավաճաններ. Ամեն ինչ կորցնողները կոչվում են հայրենասերներ»։

Տեսանյութեր

Լրահոս