«Ռուսաստանում իրավիճակն այնքան լուրջ է, որ հիմա մեզ ասում են՝ ինչքան կարող եք՝ պանիր տվեք». Հայաստանի պանրագործների միության նախագահ
Հայաստանի պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփելով պանրագործական տարին` ասաց, որ քանի որ 2015 թվականը բավականին թույլ էր պանրագործության համար, 2016թ. ունեցած դինամիկան կարելի է համարել կարգավորման տարի:
«Ունենք արտահանումների աճ, որը բերել է արտադրության կարգավորմանը, սակայն կա շատ հետաքրքիր նրբություն՝ ներքին շուկայում աճ չի գրանցվել: 2014 թվականի վերջից և 2015թ. սկսած՝ շուկայի պահանջարկի նվազեցման դինամիկան առկա է: Դա անհանգստացնող երևույթ է, բայց արտահանումները փորք-ինչ կոմպենսացրին դա: Որ ասեմ՝ բախտներս բերել է և պանրագործները կարողացել են արտահանումով այդ նվազեցումները կոմպենսացնել, այդպես էլ չէ, որովհետև արտահանման մասնակիցները բոլորը չեն, այլ 5-6 արտադրողներ են: Եվ դրա հետ մեկտեղ՝ 5-6 արտադրողը չեն կարող ընդունվող կաթի ծավալները կոմպենսացնել, պանիր արտադրել և արտահանել»:
Ըստ նրա՝ այս ոլորտին ամենամեծ հարվածը հասցրեց 2014թ. ռուբլու արժեզրկումը, քանի որ, Ա. Գիգոյանի խոսքով՝ կրճատվեցին տրանսֆերտները. «Այսինքն՝ դրա արդյունքում է, որ Հայաստանից Ռուսաստան արտահանվող պանրի քանակը սկսել է աճել: Սա համաձայնագրերի հետ կապ չունի, այդ շուկան մեզ համար, այսպես թե այնպես, բաց էր: Այլ խնդիր է, որ, եթե առաջ Ռուսաստանի ներկրողներն այս կամ այն տեսակն էին նախընտրում, այս կամ այն խմբաքանակով, աստիճանաբար սկսեցին այդ թվերը նվազեցնել, ու իրավիճակն այնքան լուրջ է, որ հիմա մեզ ասում են՝ ինչքան կարող եք՝ պանիր տվեք, քանի որ Եվրոպայից ներկրել չեն կարողանում: Այն պանիրները, որոնք իրենք ուզում են, մեր ավանդական պանրատեսակների հետ կապ չունեն, հիմնականում մենք ունենք մի քանի տեսակներ՝ լոռի, չանախ, եղեգնաձոր և այլն, իսկ իրենց ուզածը պինդ ու բորբոսնած պանիրներն են»:
Միևնույն ժամանակ, Պանրագործների միության նախագահը նկատեց՝ երբ վերանան Ռուսաստանի հանդեպ կիրառվող պատժամիջոցները, մենք նույն կոտրած տաշտակի առաջ ենք կանգնելու: «Մյուս երկրներ այնքան քիչ է արտահանվում, որ կարող ենք ասել՝ մենք միայն արտահանում ենք Ռուսաստան»:
Ըստ նրա՝ այս տարվա կարևոր ձեռքբերումներից մեկն այն է, որ Հայաստանի որոշ գործարաններում ներդրվեցին եվրոպական պանիրների տեխնոլոգիաները. «Ամենաբարդը ռոքֆոր տեսակի պանրի տեխնոլոգիան էր»:
Ֆինանսների հասանելիությունը Հայաստանում, նրա գնահատմամբ՝ ավանդաբար եղել է կիսալոմբարդային, ինչը խոչընդոտել է պանրագործության զարգացմանը. «Չգիտեմ՝ ինչպես է ստացվել, որ մեր կառավարությանը հաջողվել է թե՛ Համաշխարհային բանկի, թե՛ Եվրոպական բանկի հետ համաձայնության գալ, ու եկող տարվանից այլ ֆինանսական գործիքներ ևս կարողանալու են կիրառել Հայաստանում. նաև ներդրումների մասին է խոսքը: Պանրագործության համար դա մեծ բաց է եղել, պատճառ է եղել, որ Հայաստանում տարածվեն փոքրիկ արտադրամասերը, իսկ մենք կարիք ունենք մեծ գործարանների: Նույն կաթը մեծ գործարաններն առնելու են, այսինքն՝ դա սոցիալական խոչընդոտ չի առաջացնի»: