«Աստծուն փառք՝ ես քայլեցի, երեխաներ ունեցա». Սպիտակի երկրաշարժից 28 տարի անց օս բժիշկը հանդիպեց իր վիրահատած հիվանդներին ու գործընկերներին
Երկրաշարժից 28 տարի անց «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի ունեցավ օս բժիշկ Կազբեկ Կուդզաևի և նրա հիվանդների ու գործընկերների հանդիպումը։ Բժիշկը լավ էր հիշում իր հիվանդներին, և, ինչպես ինքն է նշում՝ հիվանդն ինչքան լավանում է, այնքան նրա հիշողությունը վատանում է, և նա մոռանում է իր բժշկին, բայց այս դեպքում բժշկին չէին մոռացել. «28 տարի անց հիվանդներից մեկը կարիերա ունի, նրան ծափահարում են, իսկ մյուսը ծանր վիրահատություններից հետո երեխաներ է ունեցել, բայց նրանք մեզ չէին մոռացել»:
Բժշկի վիրահատած հիվանդներից Աիդա Սահակյանը երկրաշարժի ժամանակ հրաշքով է փրկվել: Տարբեր տեսակի կոտրվածքներով հիվանդանոց տեղափոխվելուց հետո տարել է 8 վիրահատություն, և, ինչպես ինքն է խոստովանում՝ հույս չի ունեցել, թե կկարողանա ոտքի կանգնել, առավել ևս՝ երեխաներ ունենալ.
«Հիշողությանս մեջ միշտ մնում է բժիշկ Կազբեկը. նա բժիշկ Միրզոյանի հետ միշտ գալիս էր ինձ տեսնելու, անընդհատ ուշադրության կենտրոնում էի: Ցավեր շատ ունեի, անընդհատ գոռում էի, և իրենք միշտ ինձ մոտ էին: Մայրս էլ է բժշկիս մասին շատ պատմում, միշտ օրհնում ինձ վիրահատած բժիշկներին: Ես որ ծանր վիճակում էի, բոլորն ամուսնուս ասում էին՝ կարող է երեխա չունենա, չքայլի, ամուսինս էլ ասում էր՝ թեկուզ հաշմանդամ լինի, ես իրեն այդպես չեմ ուզել, այդպես էլ կպահեմ: Աստծուն փառք՝ ես քայլեցի, երեխաներ ունեցա: 1990թ. առաջին աղջիկս ծնվեց, իսկ 1993թ.՝ երկրորդը: Առողջ երեխաներ են, առողջ մեծացրել եմ նրանց՝ շնորհիվ բժիշկներիս, որ առողջացրել էին ինձ»:
Աիդա Սահակյանի հիշատակած բժիշկ Միրզոյանը վերջույթների երկարացման և վերականգնման կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արշակ Միրզոյանն է: Նա հիշեց, որ հիվանդները ցավից չէ միայն, որ գոռում էին. «Նույնիսկ գիշերը, երբ սովետական սառնարանները միացնում էինք, ուժեղ ձայն էր գալիս, հիվանդները կարծում էին, թե երկրաշարժ է, ու սկսում էին գոռալ: Մեր բոլոր հիվանդները սարսափելի սթրեսի մեջ էին: Ես ու Կազբեկը երբեմն «կապիկություններ» էինք անում, որ մարդիկ դուրս գային այդ հոգեվիճակից»:
Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր պլաստիկ վիրաբույժ, վաստակավոր բժիշկ Արտավազդ Սահակյանն էլ նկատեց, որ միայն կողերի կոտրվածք ունեցած հիվանդների մասին են խոսում, բայց իրականում բժիշկ Միրզոյանն ու Կուդզաևը նաև գլխի վնասվածք ունեցող հիվանդների են փրկել, ուղղակի դրա մասին չեն բարձրաձայնում: Բժիշկը լավ է հիշում Աիդա Սահակյանի վիրահատությունը.
«Նա օդում սավառնում էր՝ ամբողջովին այդ կլոր մետաղների մեջ, և կախված էր: Ես հիշում եմ, թե ինչպիսի կոտրվածքներ էին, և մինչ այդ նման հիվանդներին անշարժ պառկեցնում էին, ու նրանք մեռնում էին թոքաբորբից կամ այլ հիվանդությունից: Արշակն ու Կազբեկն առաջինը կիրառեցին այդ մեթոդը, և նույնիսկ իմ կողմից հարգված Գավրիլ Էլիզարովը շանս չէր ունեցել կիրառել իր կողմից ստեղծված ապարատը՝ զանգվածային վնասվածքների պայմաններում: Այս մեթոդիկայով տղաները կարողացան հարյուրավոր մարդկանց փրկել»:
Բժիշկների հիվանդներից Ստաս Նազարյանը երկրաշարժի հետևանքով կորցրել է մի ոտքը, և, ինչպես ինքն է նշում՝ մյուսն էլ կկորցներ, եթե բժիշկները չլինեին. «Բժիշկ Կազբեկի շնորհիվ՝ նույնիսկ մեկ ոտքով ես հիմա լեռնադահուկային սպորտով եմ զբաղվում: Եթե նա չլիներ, միգուցե սպորտային հաջողություններ չունենայի, իսկ իմ կյանքում դա շատ կարևոր է: Այդ ժամանակ ես տասը տարեկան էի, ու բժիշկն ամեն օր գալիս էր ինձ տեսակցության՝ պարտադիր նվերներ բերելով: Այդ ամենը միշտ հիշում էի ու մտածում, որ մի օր կտեսնեմ իրեն ու շնորհակալությունս կհայտնեմ»:
Հանդիպման ավարտին բժիշկ Կազբեկ Կուդզաևն իր շնորհակալությունը հայտնեց «Sputnik Արմենիա» գործակալությանը, որ ֆեյսբուքյան իր էջում երեխայի լուսանկար տեղադրելուց ու նրա ճակատագրով հետաքրքրվելուց հետո գործակալությունը ձեռնամուխ եղավ գնել բժշկի հիվանդներին ու կազմակերպել նման հանդիպում: «Ես համոզված եմ, որ այսօրվա հանդիպման լուսաբանումից հետո իմ մյուս հիվանդներին էլ կգտնեմ: Բժշկի համար ավելի մեծ երջանկություն չկա, քան տեսնել իր աշխատանքի արդյունքը, հատկապես, երբ դրանք լավն են»:
Ասուլիսի ժամանակ «Sputnik Արմենիան» բժիշկ Կուդզաևին հանձնեց Գյումրիի քաղաքապետարանի և Շիրակի մարզպետարանի շնորհած պատվոգիրը` «Մարդկային կյանքեր փրկելու հարցում 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ ցուցաբերած անգնահատելի օգնության և Հիպոկրատի երդմանը հավատարիմ լինելու համար»։
Նաև ցուցադրվեց «Sputnik Արմենիայի» պատրաստած տեսանյութը, որը ներկայացնում էր այս պատմության հերոսների որոնման ընթացքը` սկսած Կուդզաևի օգնության խնդրանքից՝ մինչև հիվանդներին գտնելու պահը։
Մանրամասները՝ «Sputnik Արմենիայի» պատրաստած տեսանյութում